Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն և կոչ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ. Նպաստել խտրականության վերաբերյալ օրենքի ընդունմանը

Մայիս 17,2017 11:41

Հայաստանում լայն տարածում ունեն ԼԳԲՏՔԻ իրավունքների և ազատությունների անհիմն խախտումները և սահմանափակումները, որոնք լուրջ վտանգ են առաջացնում ՀՀ-ում իրավական կարգերի հաստատման, իրավահավասարության, օրենքի և իրավունքի գերակայության համար:

Թեև Հայաստանի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում երկրում իշխանության տարբեր ճյուղերի կողմից իրականացվող գործունեության նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու համար, սակայն խտրականության ենթարկված անձանց իրավունքների սահմանափակումները շարունակում են կրել համատարած բնույթ, դեպքերը՝ ամբողջովին չբացահայտված, իսկ մեղավորները՝ չպատժված:

Նմանատիպ դեպքերը միանշանակ հանգեցնում են իրավական կարգի, այդ թվում՝ ԼԳԲՏՔԻ անձանց նկատմամբ հարգանքի խաթարմանը, անպատժելիության մթնոլորտի ձևավորմանն ու տարածմանը:

Բազմաթիվ հասարակական կազմակերպությունների կողմից քայլեր են ձեռնարկվում իրավիճակը բարելավելու և մարդկանց իրավունքների նկատմամբ հարգանք սերմանելու ուղղությամբ, սակայն այդ ջանքերը շատ հաճախ բախվում են հասարակական կարծրատիպերին, ինչպես նաև պետական մարմինների կողմից ստեղծված խոչընդոտներին և անցնում ապարդյուն:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն պաշտոնապես դատապարտում է բռնության ցանկացած դեպք ԼԳԲՏՔԻ անձանց նկատմամբ մասնավորապես սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով, կոչ է անում լինել հանդուրժող և հարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության բոլոր ներկայացուցիչների նկատմամբ:

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը կոչ է անում իրավասու մարմիններին մասնավորապես՝

ՀՀ պետական մարմիններին

Հայաստանի Հանրապետությունը ամրագրված է որպես ժողովրդավար, իրավական պետություն, որտեղ ՀՀ Սահմանադրությունը և մյուս բոլոր օրենքները պետք է ապահովեն քաղաքացիների արժանապատիվ և իրավահավասար կյանքի բնականոն ընթացքը: Այս ամրագրված գաղափարը իրականություն դարձնելու և ժողովրդավար պետություն ոչ միայն կոչվելու, այլև լինելու համար անհրաժեշտ է, որ պետությունը՝ կառավարման իր բոլոր օղակներով, բացառելով խտրական վերաբերմունքի դրսևորումները, նպաստի հանդուրժող, ժողովրդավար արժեքներ կրող հասարակության ձևավորմանը, որը ժողովրդավար պետության հիմնաքարերից է:

ՀՀ Ազգային ժողովին

Ընդունել խտրականությունն արգելող օրենք, որը կանխարգելիչ դեր կստանձնի հանրային բոլոր ոլորտներում, որևէ հիմքով խտրականության դրսևորումների համար՝ չբացառելով և անպայմանորեն ներառելով սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հիմքեր տվյալ օրենքում:

Ընդունել ատելության խոսքի, բռնությունների և անհանդուրժողականության քարոզչությունն արգելող օրենսդրություն:

ՀՀ Քրեական օրենսգրքում ատելությամբ պայմանավորված հանցագործությունների հիմք ներառել նաև սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը:

ՀՀ ՏԻՄ–երին

ՀՀ յուրաքանչյուր ոլորտի վերաբերող քաղաքականություն իրականացնելիս բացառել որևէ հիմքով խտրական վերաբերմունքի դրսևորումը:

Առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, աշխատանքի իրավունքի և այլ հանրային կարևոր ոլորտներում գործընթացներ իրականացնելիս ապահովել իրավահավասար պայմաններ ՀՀ քաղաքացիների համար՝ ներառելով հանրային բոլոր խոցելի խմբերն, այդ թվում ԼԳԲՏԻ անձանց:

ՀՀ Առողջապահության նախարարությանը

Վերահսկել սեռական կողմնորոշման հիմքով խտրական վերաբերմունքի դրսևորումը քաղաքացիների նկատմամբ՝ բժշկական ծառայություններ մատուցելիս նախարարությանը ենթակա կառույցներում:

ԶԼՄ – ներին

Զերծ մնալ հանրության փոքրամասնություն ներկայացնող խմբերի, այդ թվում նաև ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ ատելության խոսքի տարածման, անհանդուրժողականության, խտրական վերաբերմունքի քարոզչական գործընթացների մասն դառնալուց:

Տեղեկատվություն հրապարակելիս պահպանել լրագրողական էթիկայի կանոնները:

Բարձրացնել ոլորտի ներկայացուցիչների տեղեկացվածությունը ԼԳԲՏԻ հիմնախնդիրների վերաբերյալ՝ օբյեկտիվ և իրականությանը համապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու համար:

Չնպաստել հանրային՝ խտրականություն սերմանող գենդերային կարծրատիպերի տարածմանը:

Ազդել հանդուրժող հասարակական կարծիքի ձևավորման գործընթացին՝ նպաստելով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու ժողովրդավարության կայացմանը:

ՀՀ Կրթության և գիտության հարցերի նախարարությանը

Բարձրացնել սեռական դաստիարակության կարևորությունն ու այն դասավանդողների կոմպետենտությունը ՀՀ կրթօջախներում:

Արդիականացնել մասնագիտական կրթությունը բժշկական կրթական հաստատություններում՝ բարձրացնելով ՀՀ–ում ոլորտի մասնագետների, այդ թվում՝ սեքսոլոգների կոմպետենտությունը:

Ուժային կառույցներին /Ոստիկանություն, ՊՆ, ՔԿՀ/

Նպաստել ՀՀ իրավական երկրի կայացմանը՝ բացառելով խտրական վերաբերմունքն ու բռնությունները ՀՀ ուժային կառույցներում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ:

Վերահսկել և բացառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումները, բռնությունները, խտրականության այլ դրսևորումները ուժային կառույցներում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին

Բարձրացնել հանրային տեղեկացվածությունը խտրականության և դրանից բխող բացասական հետևանքների մասին:

Բարձրացնել հանրային տեղեկացվածությունը, խտրականության հիմքով՝ մարդու իրավունքների ոտնահարման, գենդերային կարծրատիպերի, անհանդուրժողականության, ատելության խոսքի, բռնության քարոզչության հակաիրավական դրսևորումների վերաբերյալ:

Նպաստել խտրականության վերաբերյալ օրենքի ընդունմանը:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031