Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանումը դառնար հիմնական գործոն, ապա, ինչպես արդեն ասացի, ընտրողների մասնակցության թիվն անհամեմատ ավելի բարձր կլիներ. «Հայոց աշխարհ»

Մայիս 17,2017 11:31

Հարցազրույց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նորընտիր ԱԺ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ստացած 71 տոկոս քվեն զարմացրել է ձեր ընդդիմախոսներին. ոմանց դիտարկմամբ, սա ֆինանսական ռեսուրսների, իշխանական լծակների աննախադեպ օգտագործման հետեւանք էր:

-Այն, ինչ նշում են ոմանք, ցանկալին իբրեւ իրողություն ներկայացնելու փորձ է: Շատերի համար հասկանալի չէ այն պարզ թեզը, որ ի տարբերություն համապետական ընտրությունների՝ ՏԻՄ ընտրությունն իրականում պահանջում է համայնքի ապագային միտված կոնկրետ ծրագրերի ներկայացում ու այդ ծրագրերը իրականություն դարձնելու կարողություն:

Համապետական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ընդդիմությունը կարող է ամեն ինչից խոսել, բայց իրականում որեւէ բան չասել, կարող է խստությամբ քննադատել իշխանություններին, դրանով իսկ շահել քաղաքական դիվիդենտներ: Սա համապետական ընտրություններին բնորոշ մոտեցում է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում: Ի տարբերություն սրա, ՏԻՄ ընտրություններում համայնքի բնակչությունը շատ կոնկրետ է վերաբերվում իր կյանքի պայմանների բարելավմանն ու վաղվա օրվան առնչվող ծրագրերին:

Եվ ահա, Երեւանի ընտրությունների ընթացքում ընդդիմության փորձը՝ ամեն կերպ քաղաքականացնել, նույնիսկ կուսակցականացնել այս ընտրական գործընթացը, շատ երեւանցիների մեջ ստեղծեց տպավորություն, թե այդ ուժերը ունակ չեն գործնականում ստանձնել քաղաքի վաղվա օրվա ողջ պատասխանատվությունը: Տարոն Մարգարյանի թիմը ե՛ւ հեռուստատեսությամբ, ե՛ւ հանդիպումների ժամանակ երեւանցուն ներկայացավ որպես պրոֆեսիոնալների թիմ, որը ոչ միայն հասկանում է քաղաքի խնդիրները, այլեւ գիտի դրանց լուծման թե՛ բարդությունները, թե՛ ուղիները:

Մինչդեռ ընդդիմությունը բացի «մենք սա կանենք, մենք նա կանենք» վերացական հայտարարություններից ու տարբեր տեսակի «էպիտետներ» կպցնելուց՝ այլ բան չասաց: Եվ հիմա խոսել վարչական լծակներ օգտագործելու մասին՝ թյուրիմացություն է: Եթե իշխանությունը վարչական լծակ օգտագործեր, ընտրողների մասնակցությունը կլիներ ոչ թե 42, այլ ավելին՝ 60 տոկոս: Չկասկածեք:

-Այս ընտրություններում ընտրակաշառքի մասին ոչ թե վերացականորեն խոսվեց, այլ եղած դեպքերը որսացին ու արձանագրեցին լրագրողական տեսախցիկները. հետեւաբար ընտրակաշառք երեւույթն ի՞նչ չափով դարձավ գործոն, որքանո՞վ կանխորոշեց ընտրությունների արդյունքները:

-Չեմ բացառում նման առանձին դեպքերի գոյությունը: Բայց համոզված պնդում եմ՝ եթե ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանումը դառնար հիմնական գործոն, ապա, ինչպես արդեն ասացի, ընտրողների մասնակցության թիվն անհամեմատ ավելի բարձր կլիներ: Ուրեմն ընտրակաշառքը գործոն չի եղել: Տարոն Մարգարյանի թիմը հաղթեց բացառապես շնորհիվ իր իրատեսական ծրագրերի՝ քաղաքային տնտեսության խնդիրները հասկանալու, գիտակցված մոտեցումներ ունենալու շնորհիվ: Սա է թիմի հաջողության գրավականը:

Ի դեպ, նախորդների համեմատությամբ, այս ընտրություններում առաջին անգամ մրցակցեցին ընտրապայքարի ելած ուժերի ծրագրերը. առաջին անգամ երեւանցիները սկսեցին քննարկել ծրագրեր ու իրենց դիրքորոշումը ձեւավորել՝ ելնելով դրանցից: Սա կարեւոր ձեռքբերում էր: Եվ ահա, ի տարբերություն իշխանության, ընդդիմադիր ուժերը որեւէ ծրագրային մոտեցում չներկայացրին՝ բացառությամբ այստեղից-այնտեղից վերցված մտքերի: Եվ, բնականաբար, հաղթեց ՀՀԿ-ի իրատեսական ծրագիրը:
Դառնալով ձեր հարցադրմանը, թե ընտրակաշառքի փաստերը կանխորոշեցի՞ն ընտրությունների արդյունքները, ասում եմ՝ ոչ, ընտրությունների արդյունքները կանխորոշվեցին թիմի պրոֆեսիոնալիզմով, երեւանցիների շրջանում այդ թիմի նկատմամբ ձեւավորված վստահությամբ:

-Եթե անգամ Փոստանջյանը իրավունք չուներ մտնելու ՀՀԿ շտաբ, արդարացվա՞ծ էին ոստիկանության քայլերը՝ նրան ու աղջկան այդ կերպ քաշքշելով դուրս բերելը, ինչի հետեւանքով աղջիկն ուղեղի ցնցում ստացավ:

-Ես այդ կադրերը չեմ տեսել, փոխարենը այլ բան եմ տեսել. նույն Զարուհի Փոստանջյանն իր ամբողջ խմբով՝ մոտ 60-70 հոգով, ուղղակի հարձակվեց իմ ղեկավարած նախընտրական շտաբի վրա, որը տեղակայված էր Մաշտոցի 15 հասցեում: Ու եթե չլիներ ոստիկանությունը, ապա շատ տհաճ միջադեպ կարող էր տեղի ունենալ: Եվ նրանք հենց այդ նպատակն էին հետապնդում:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031