Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում «մարդակենտրոն»

Մայիս 17,2017 10:00

Քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ կիրառում են «մարդակենտրոն» բառը: Չգիտեմ, թե ինչ են նրանք դրա տակ հասկանում: Հավանաբար, այն մարդուն, որն իրենց կուսակցությունը ղեկավարում է դեմոկրատական ցենտրալիզմի ոգով: Ես ունեմ մարդակենտրոնության մասին իմ պատկերացումը, որը գուցե չափազանց հեռու է գիտականից: Ցանկացած մարդ տիեզերքի կենտրոն է, եւ միակ բանը, որը պետք է նրան կաշկանդի, սահմանափակի, պետության օրենքներն են: Դրանից դուրս մարդկանց որեւէ բան ստիպելը, որեւէ բան նրանց վզին փաթաթելը սխալ է եւ վնասակար:

Ես չեմ դիտում հնդկական սերիալներ, բայց չեմ ծաղրում նրանց, ովքեր այդ սերիալները դիտում են, նրանց վերեւից ներքեւ չեմ նայում եւ չեմ կարծում, թե ես նրանցից ինչ-որ բանով լավն եմ: Ես երբեք չեմ կրի գեորգեւյան ժապավեններ, որովհետեւ դրանք այլ պետության խորհրդանիշ են, բայց ես չեմ թշնամանում, չեմ նզովում իմ այն հայրենակիցներին, ովքեր այդ ժապավենները կրում են: Եթե դա այդ մարդկանց դուր է գալիս, ինչո՞ւ ես պետք է նրանց հոգեբանական տեռորի ենթարկեմ:

ՀՀԿ-ն ինձ դուր չի գալիս, ընդհանուր առմամբ «իշխող կուսակցությունը» հետխորհրդային տարածքում բավականին գորշ, ձանձրալի եւ չափազանց «ոչ կրեատիվ» երեւույթ է: Բայց ես չեմ կարող չտեսնել, որ, օրինակ, Վիգեն Սարգսյանը կամ Արփինե Հովհաննիսյանն ավելի գրագետ են եւ նախընտրական շրջանում ավելի լավ էին պատրաստված, քան իմ ընդդիմադիր զրուցակիցների մեծ մասը: Իսկ Երեւանի ավագանու քարոզարշավի ժամանակ նյութին ամբողջությամբ տիրապետում էր Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Չեմ կարող բոլորին ներկել սեւ եւ սպիտակ ներկով: Բայց եթե կան մարդիկ, որոնք հակված են այդպես մոտենալ կյանքին՝ իրենց գործն է, որեւէ մեկի կարծիքի վրա չեմ պատրաստվում բռնանալ: Թող վերցնեն այն ներկը, որն իրենց դուր է գալիս:

Ես հետս չէի վերցնի իմ երեխային, եթե ուզեի քաղաքական մրցակցիս շտաբում կռիվ սարքել, բայց ամեն ծնող ինքն է որոշում, թե ո՛ր միջոցառումներին տանել սեփական զավակին: Ինձ տգեղ են թվում հեգնական գրառումները, որտեղ օգտատերերը չարախնդում են, որ երեխան ուղեղի ցնցում է ստացել: Պարզ է, որ ոչ ոք չէր ուզում նրան վնասել, միեւնույն է` ճիշտ է, իմ կարծիքով, ցանկացած երեխայի, ցանկացած մարդու ցավը զգալ որպես քոնը: Բայց այստեղ էլ որեւէ պարտադրանք չկա: Եթե մարդն ընդունակ է զգալ միայն իր ցավը, դա էլ պետք է ընդունել որպես իրողություն:
Ապրեք, ինչպես ուզում եք (օրենքի շրջանակներում, իհարկե): Ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ուզում, նույնիսկ այն դեպքում, եթե այդ «ուրիշները» ձեր հարազատներն են: Թող ուրիշներն էլ իրենց ուզածի պես ապրեն: Շատ պարզ բանաձեւ է: Եվ, ամենակարեւորը՝ մարդակենտրոն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Margar Makhsudyan says:

    Ես հետս չէի վերցնի իմ երեխային / 21 ամյա /, եթե ուզեի քաղաքական մրցակցիս շտաբում կռիվ սարքել… /այսինքն՝ տեսել է, որ չի հաղթում, ուզեցել է չարությունը պարպել օրինապաշտ շտաբայինների վրա, դե իսկ մեր օրինապահներն էլ իսկույն ջոկել ու հմտորեն վնասազերծել են… ????? /
    Պարզ է, որ ոչ ոք չէր ուզում նրան վնասել… / տեսել է, որ մայրիկի արկածախնդրությունը ձախողվում է, անզորությունից գլուխը ուժգին զարկել է մոտակա պատին, որ հետո իրավապահներին շառ անի… ????????? /

  2. Լավատես says:

    ՝Ցանկացած մարդ տիեզերքի կենտրոն է, եւ միակ բանը, որը պետք է նրան կաշկանդի, սահմանափակի, պետության օրենքներն են: Դրանից դուրս մարդկանց որեւէ բան ստիպելը, որեւէ բան նրանց վզին փաթաթելը սխալ է եւ վնասակար:՝

    Շատ հեշտ է ու վտանգավոր տիեզերքի կենտրոնից սայթաքել ու վերածվել հակաազգային աշխարհաքաղաքացու: Բացի պետության օրենքներից կան խղճի օրենք, ընտանեկան օրենք, գյուղի, քաղաքի, ազգի գրված ու ավելի շատ չգրված օրենքներ, որոնք ծնված օրից պետք է ներարկվեն մարդու ուղեղն ու սիրտն ու հոգին, դրանից դուրս մարդու վզին փաթաթելու էլ բան չի մնա: Եթե մենք մեր ազգային օրենքները մեր մեջ սրբորեն պահպանենք ու պաշտպանենք, ամեն մեկս կդառնա մեր բոլորի տիեզերքի կենտրոնը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031