Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքյան փողոցում առանց հարկայինի իմացության «գործ» է դրել ու բնակիչներին դիվադադար է անում

Մայիս 17,2017 16:00

Զաքյան 5 հասցեում, ինչպես բնակիչներն են նշում, տարածքի ու այդ հասցեի հետ կապ չունեցող մի քաղաքացի ամառ թե ձմեռ ամեն առավոտ հայտնվում է ու այդ հասցեի շենքի առջեւում գտնվող հատվածը որպես ավտոկայանատեղի շահագործում: Բնակիչներն ասում են, որ տարածքն առանց այն էլ սահմանափակ է, եւ բակի բնակիչների ավտոմեքենաներին անգամ տեղ չի լինում: Սակայն աշխատելու նպատակով այդ հասցե ժամանած այդ քաղաքացին, այդ թվում եւ շաբաթ-կիրակի օրերին, տարածքը վարձակալությամբ է տալիս հարակից հիմնարկի աշխատողներին:

Շենքի բնակիչներից մեկը` Հենզել Գեղամյանը, Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջին այս մասին գրառում է կատարել, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ այդ առիթով դիմել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին` Զաքյան փողոցի 5 շենքի հարակից տարածքում ապօրինի ավտոկայանատեղիի գործունեությունը արգելելու խնդրանքով: Ըստ Հենզել Գեղամյանի՝ թաղապետարանից իսկապես դիմել էին ոստիկանություն, քանի որ օրենքի պահապաններն այցելել են նշյալ հասցե, սակայն տարածքի ինքնակոչ տիրոջ հետ զրուցելուց հետո, ինչպես բնակիչներն են նշում, այն գնալն էր, որ գնացել են: Բնակիչները պարզել են, որ իրենց տեղանքի հետ կապ չունեցող քաղաքացին, որի անունն, ըստ բնակիչների, Սարգիս Փափախչյան է, վայելում է տարածքում ապրող մի գեներալի հովանավորչությունը, որն էլ նրան տվել է մուտքի բանալի, որպեսզի ազատ ելումուտ անի տվյալ շենքի մուտք:

«Մենք՝ Երեւան քաղաքի Զաքյան 5 շենքի ներքոհիշյալ բնակիչներս, խնդրում ենք ոստիկանության միջամտությունը՝ ազատվելու համար մեր շենքի բակում արդեն մի քանի տա րի «գործող» եւ մեզ անհանգստացնող քաղաքացի Սարգիս Փափախչյանի ներկայությունից»,- նշում են բնակիչները՝ վստահեցնելով, որ նա ցանկացած ժամանակ ելումուտ է անում շենք եւ իր գոռում-գոչյունով ու պահվածքով անհանգստացնում ոչ միայն բնակիչներին, այլեւ եկած հյուրերին:

Հենզել Գեղամյանը նույնպես դիմել է ոստիկանություն, սակայն ստացել իրեն չգոհացնող պատասխան: Առաջին պատասխանում նշված էր, որ ոստիկանությունը չի կարողացել պարզել տվյալ քաղաքացու ինքնությունը՝ այն դեպքում, երբ մինչ այդ գրավոր պատասխան տալը ոստիկանության պաշտոնյան հեռախոսով արդեն տեղեկացրել էր Հենզել Գեղամյանին, որ այդ անձը գալիս է Էջմիածին քաղաքից։ Այսինքն, ըստ բնակիչների, ոստիկանությունը «շատ լավ էլ իմացել է տվյալ քաղաքացու ով լինելը»։ Հենզել Գեղամյանի երկրորդ դիմումին ոստիկանությունը պատասխանել էր, որ քաղաքացի Սարգիս Գագիկի Փափախչյանը պարտավորվել է հեռանալ Զաքյան 5 շենքի բակից, իսկ նրա կողմից ապօրինի ավտոկայանատեղի շահագործելու վերաբերյալ գրություն է ուղարկվել Կենտրոն հարկային տեսչություն։

Այսինքն՝ այս անգամ արդեն ոստիկանությանը «հաջողվել էր պարզել անձի ինքնությունը», եւ ըստ այդ պատասխանի՝ այդ անձը «պարտավորվել էր հեռանալ»։

Երկու պատասխաններն էլ ստորագրել է ոստիկանության փոխգնդապետ Ա. Պողոսյանը, իսկ կատարող տեսուչն է եղել Վարդան Մարուքյանը, որի միջոցով էլ պատասխանները փոխանցվելեն Հենզել Գեղամյանին։ Բնակիչները երբ հետաքրքրվել են, թե վերոհիշյալ անձը ե՞րբ պիտի կատարի ոստիկանության առաջ ստանձնած իր «պարտավորությունը», տեսուչ Մարուքյանը պատասխանել է, որ նա կարող է եւ չհեռանալ։

«Մենք կարծում ենք, որ ոստիկանության պատասխանները անհասկանալի եւ անընդունելի են։ Մեր կարծիքով՝ ոստիկանությունը պարտավոր է հետեւել կարգուկանոնի պահպանմանը իրեն վստահված բնակավայրերում՝ ապահովելով բնակչության հանգիստը, եւ պատժել ամեն տեսակի օրինազանցներին։ Տվյալ դեպքում փոխանակ թույլ չտալու, որ վերոհիշյալ անձնավորությունն իր ներկայությամբ անհանգստացնի բնակիչներին, հայտնի չէ թե ինչու՝ ոստիկանությունը հարկ է համարել այդ մասին տեղեկացնել հարկային տեսչությանը, որ նրանից հարկ գանձեն։ Ստացվում է, որ ըստ ոստիկանության տրամաբանության՝ այս մարդը պարտավոր է հարկ վճարել մի տարածքի շահագործման համար, որն իրեն չի պատկանում, եւ որի հետ նա առհասարակ ոչ մի առնչություն չունի, եւ ապա մեզ ինչ, թե նա հարկ պիտի վճարի՞, թե՞ ոչ։ Դա ինչո՞վ է լուծելու մեր խնդիրը։
Մենք ուզում ենք հավատալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ սույն դիմումը կարժանանա նրա ուշադրությանը, եւ հարցը դրական լուծում կստանա»։

 

Սեփ.լր.

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031