Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինեն դատապարտվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքի

Մայիս 17,2017 15:30

Գյումրեցի Արմինե Կիրակոսյանի քրեական գործի նախաքննությունն իրականացրել է
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունը: Ազգային անվտանգության ծառայությունը
նրան մեղադրանք է առաջադրել մաքսանենգության համար: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին:

Ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ քաղաքացի Արմինե Կիրակոսյանը նպատակ է ունեցել մաքսանենգությամբ Վրաստանից Հայաստան ներկրել բուժապրանք:
Գործի նյութերի համաձայն, Արմինեն «Բագրատաշեն» մաքսակետով՝ իր «Նիսսան Մառչ» մակնիշի 34 UQ 576 պետհամարանիշի ավտոմեքենայով, Հայաստան է տեղափոխել 13 անվանում ապրանքներ, սակայն «Բագրատաշեն» մաքսակետում ԱԱԾ աշխատակիցների կողմից նշված ավտոմեքենայի կրկնակի զննության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել են պոլիէթիլենային յոթ տոպրակներ, որոնց մեջ էլ գտնվել են նշյալ բուժապրանքները:

Այդ ապրանքներն ուղարկվել են փորձաքննության: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության թիվ 5 եզրակացության՝ վերոնշյալ 13 անվանում ապրանքներից երկուսը՝ «Ուբիստեզին ֆորտե» N 50 փամփուշտ եւ «Սեպտանեստ 1/10000» N 50 փամփուշտ անունով դեղեր էին, իսկ 11 անվանում ապրանքները նախատեսված են ատամնաբուժական պրակտիկայում կիրառելու համար եւ դեղեր չեն հանդիսացել: Նշյալ 13 անվանում ապրանքների ընդհանուր արժեքը 2015թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 1.120.400 ՀՀ դրամ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ գործի քննությունը եղել է արագացված ընթացակարգով:
Ա. Կիրակոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել է 1.000.000 դրամի չափով տուգանքի:
Ի դեպ, դատավճռի համաձայն, իրեղեն ապացույց ճանաչված «մաքսանենգության առարկա հանդիսացող», ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող 13 անվանում նյութերը բռնագանձվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Ապացույց էր ճանաչվել նաեւ «Նիսսան Մառչ» մակնիշի 34 UQ 576 համարանիշի ավտոմեքենան, որը, բարեբախտաբար, թողնվել է Ա. Կիրակոսյանի տնօրինմանը:
Դատավճիռը բողոքարկման նպատակով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում է: Ա. Կիրակոսյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ արդարացնել իրեն:

Դատարանն իրավական գնահատականներ բաժնում գտավ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, եւ նա ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով:
Տուգանք պատժատեսակն ընտրելիս, ըստ դատարանի, այն բավարար է տիկնոջ «վերադաստիարակման» համար:

Դատարանը հրապարակել էր ատամնաբուժական գործունեության մեջ օգտագործվող մաքսանենգ նյութերը՝ 900 մլ «Զետա պլյուս», «Օռանվոշ Լ լայթ Ց-Սիլիկոն», «Ինդառենտ Գել Գատալիստ», «Հեռկուլես ԻՔՍՌՑՎ ուլտրա», «Տե-Եկոնոմ Պլյուս սիստեմ փակ», «Ենդոֆիլլ 15գ», «Սեպտանեստ»՝ N50 փամփուշտ եւ «Ուբիստեզին ֆորտե»՝ N50 փամփուշտ:

Ա. Կիրակոսյանի բողոքի քննությունը նշանակվել է մայիսի 24-ին:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031