Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ազգային խտրականության զոհ եմ դարձել»

Մայիս 17,2017 15:00

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ, ես ազգային խտրականության զոհ եմ դարձել, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ իմ գործով արդարությունը վերականգնելու հարցում, քանի որ էլ ուժ չունեմ պայքարելու իմ գործով տիրող անարդարության դեմ: Կարծում եմ, որ օրենքի առաջ բոլորս ենք հավասար, անկախ նրանից, որ ես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ եմ: Արմավիրի մարզի Արտամետ համայնքի նախկին ղեկավար Տոնական Ղազարյանը, որը հանդիսանում է ներայիս Արտամետ համայնքի ղեկավարի ամուսինը, 2014թ.-ին վրաերթի ենթարկելով իմ ոչխարների հոտը, ինձ զրկեց իմ ընտանիքի գոյատեւման միակ աղբյուրից եւ հրաժարվեց վերականգնել ինձ պատճառված վնասը:

Առաջ ընկնելով ասեմ, որ իմ կարծիքով՝ Տոնական Ղազարյանը իր կապերի շնորհիվ հասավ նրան, որ քրեական գործով իրականացվեց միակողմանի քննություն եւ գործը կարճվեց նրա մեղքի բացակայության հիմքով: Հարուցված քրեական գործը կարճվեց այն հիմքով, որ իբր դրսում մառախուղ է եղել եւ նա չի կարողացել ժամանակին նկատել ոչխարի հոտը, հետեւաբար մեղք չի ունեցել իմ ոչխարներին վրաերթի ենթարկելու համար, այն դեպքում, երբ դրսում մառախուղ չի եղել, այն բացահայտ սուտ է: Արմավիրի քննչականը եւ դատախազությունը ջանք ու եռանդ չխնայեցին իմ ոչխարների վրաերթի գործը կոծկելու համար: Արմավիրի քննչականը հիմք ընդունեց միայն Տոնական Ղազարյանի եւ նրա մտերիմների հորինված պնդումները եւ հաստատված համարեց, որ իրոք դեպքի պահին դրսում մառախուղ է եղել: Քննչական մարմինը հաշվի չառավ իմ եւ որդիներիս կողմից հայտնած դեպքի իրական փաստերը, նրանք չցանկացան բացահայտել իրականությունը, դեպքի պահին իրականում մառախուղ չի եղել: Արմավիրի քննչականն այն աստիճանի էր հակված գործը կոծկելուն, որ հաշվի չառավ նաեւ դեպքի վայրում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից կատարված լուսանկարները, որով պարզ երեւում է, որ դրսում մառախուղ ընդհանրապես չի եղել, դեպքի վայրի զննության արձանագրությունում էլ նման բան չի արձանագրվել, բացի այդ, օդերեւութաբանական կենտրոնը եւս հայտնել է, որ նման տեղեկություններ չկան:

Ես Արմավիրի քննչականի խայտառակ գործելաոճի զոհ եմ դարձել, նրանց խայտառակ գործելաոճերից մեկն այն է, որ դեպքի վայրում գտնվող ականատես վկան հատուկ քննչականում ցուցմունք էր տվել, որ դեպքի պահին իրոք մառախուղ չի եղել, սակայն երբ դրանից հետո այդ վկային Արմավիրի քննչականը հրավիրեց հարցաքննության, նա փոխեց հատուկ քննչականում տրված իր ցուցմունքը: Կարծում եմ, որ դրանք չեն կարող պատահականություններ լինել: Ես Արմավիրի քննչականից պահանջեցի հարցաքննել դեպքի վայր եկած բոլոր ականատեսներին, որոնց մեջ կային նաեւ ազգությամբ եզդիներ, սակայն այդպես էլ առանց նրանց հարցաքննելու գործի վարույթը կարճեցին: Արմավիրի քննչականը ազգությամբ եզդիներիս ոչ մի խոսք հիմք չընդունեց, փոխարենը՝ հիմք ընդունեցին միայն Տոնական Ղազարյանի եւ նրա մտերիմների հորինված պնդումները:
Արմավիրի քննչականի խայտառակ գործելաոճերից մեկն էլ այն էր, որ ի պատասխան փորձագետի այն հարցմանը, թե վարորդ Տ. Ղազարյանի համար վտանգն առաջացած կետից ի՞նչ հեռավորության վրա են գտնվել վրաերթի ենթարկված թվով 32 ոչխարները, Արմավիրի քննչականը պատասխանել էր, որ այդ հեռավորությունը 15 մետր է, մինչդեռ թվով 32 ոչխարներ վրաերթի են ենթարկվել տարբեր տեղերում, դրանց հեռավորությունները եղել են տարբեր:

Դեպքի վայրի զննության արձանագրության եւ լուսանկարների համաձայն՝ ոչխարներից յուրաքանչյուրը տարբեր տեղերում են վրաերթի ենթարկվել, ոչխարները փռված են եղել 15-ից 32 մետր հեռավորության վրա: Փորձագետը հիմք ընդունելով Արմավիրի քննչականի տված հորինված ելակետային տվյալները, տվել է եզրակացություն այն մասին, որ հաշվի առնելով դրսում մառախուղ լինելու հանգամանքը, մինչեւ 21.1 մետր հեռավորության վրա գտնվող վրաերթի ենթարկված ոչխարների մասով Տոնական Ղազարյանի մեղքը բացակայում է: Սա խայտառակություն է, ինչպես է հնարավոր բացարձակ սուտը դարձնել ճշմարտություն, մի՞թե կա մեկը, որ կարող է հավատալ, որ վրաերթի ենթարկված թվով 32 ոչխարներն էլ կարող էին գտնվել միեւնույն` 15 մետր հեռավորության վրա, այն դեպքում, երբ դեպքի վայրի զննության արձանագրությամբ այլ բան է արձանագրված: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իմ գործով կայացրել է թվով հինգ որոշում եւ Արմավիրի քննչականին պարտավորեցրել է վերացնել իմ իրավունքների խախտումները, սակայն Արմավիրի քննչականը այդպես էլ իմ խախտված իրավունքները չվերականգնեց: Արմավիրի քննչականը դատարանի որոշումից հետո ինձանից թաքուն գործի վարույթը վերսկսում էր եւ մի քանի օր անց կրկին կարճում էր գործի վարույթը:

Արդյունքում՝ ես այդպես էլ հնարավորություն չունեցա իմ իրավունքները պաշտպանելու համար համապատասխան միջնորդությամբ դիմելու Արմավիրի քննչական: Վերջին անգամ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կրկին անգամ Արմավիրի քննչականին պարտավորեցրեց վերացնել իմ իրավունքների խախտումները, սակայն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Արմավիրի մարզի դատախազությունը եւ Տոնական Ղազարյանը բողոքներ ներկայացրեցին, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն իր որոշմամբ օրինականացրեց Արմավիրի քննչականի ապօրինությունները, բեկանեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ փոփոխեց այն` իմ դիմումը մերժեց: ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից հետո ես ինձ զգում եմ ճնշված եւ նվաստացված, որի պատճառով էլ ստիպված խնդրում եմ Ձեր աջակցությունը:

 

Զադա Բրոյան
Արմավիրի մարզ, գյուղ Նոր Արտագերս

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031