Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմը հաջողություն կունենա իր թեմատիկայի եւ հոլիվուդյան լինելու հաշվին»

Մայիս 17,2017 14:30

Կինոգետ Անետա Երզնկյանը` «Խոստում» ֆիլմի մասին

«Խոստում» ֆիլմը 2016 թ.-ին ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած Հայոց ցեղասպանության մասին պատմական դրաման է:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:

Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմը ցուցադրվել է հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Ֆիլմը հանրային բուռն քննարկումների արժանացավ: Դրա հասցեին լսվեց եւ գովք, եւ քննադատություն միաժամանակ: Ֆիլմը նկարահանվել է մեծահռչակ հայ բարերար Քըրք Քրքորյանի ֆոնդի հովանավորությամբ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այս ֆիլմի մասին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, անվանի կինոգետ Անետա Երզնկյանը:

«Ես տպավորված եմ եւ բարձր եմ գնահատում ֆիլմի կայանալը ստեղծագործական խմբի աշխատանքի առումով: Դրամատուրգիական լուծումներով, դերասանական եւ ռեժիսորական աշխատանքի տեսանկյունից ֆիլմը արված է հոլիվուդյան օրենքների, օրինաչափությունների շրջանակում: Շատերին թվում է, որ ֆիլմը հոլիվուդյան է, օտար է, սառն է, սակայն ես կարեւորում եմ փաստը: Ֆիլմը, ըստ իս, սառը չէ. այնտեղ կա սիրո պատմություն, մարդկային փոխհարաբերություններ: Ինձ համար ընդունելի է մարդկանց կենսակերպի միջոցով գլոբալ հարցեր բարձրացնելու մեթոդը: Կոնցեպտը հիմնված է հերոսների փոխհարաբերությունների վրա, որոնք սահմանային իրավիճակներում դառնում են առավել ցայտուն եւ արտահայտիչ: Ես ինքս պատմաբան չեմ եւ չգիտեմ, թե որքանո՞վ են հստակ պահպանված պատմական փաստերը, սակայն այն, ինչ տեսա, ինձ համոզեց, եւ ես հասկացա, որ մեծ սիրով է արված ֆիլմը»,-հայտնեց կինոգետը:

Ըստ Անետա Երզնկյանի, «Խոստումն» ունի ներքին՝ ենթատեքստային դինամիկա, որն էլ հենց պահում էր հետաքրքրությունը: Կինոգետը կարեւորեց այն հանգամանքը, որ ֆիլմի գծերը համոզիչ են արված, ցույց է տրվում արհավիրքի ողջ ողբերգականությունը: Նա փաստեց, որ եթե մարդը գաղափար չունենա Հայոց ցեղասպանության մասին եւ դիտի այս ֆիլմը, ապա շատ բան կհասկանա: Այն հարցին, թե ինչպե՞ս է Հոլիվուդը դեմ գնացել Թուրքիային եւ որոշել բարձրացնել այս թեման, Անետա Երզնկյանը պատասխանեց. «Այս թեման հուզել է հոլիվուդյան աշխարհին, եւ չէր կարող չհուզել։ Նրանց անդրադարձը այս թեմային կարելի է համարել մարդկային, քաղաքացիական եւ ստեղծագործական սխրանք։ Հոլիվուդյան իրականությունում նախկինում եւս նման ֆիլմեր ստեղծվել են, որոնք շոշափել են տարբեր ազգերի խնդիրներ, այսինքն՝ նրանք այդ համարձակությունն ու փորձառությունը ունեն»:

Ըստ Անետա Երզնկյանի կանխատեսումների՝ ֆիլմը հաջողություն կունենա իր թեմատիկայի եւ հոլիվուդյան լինելու հաշվին:

 

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031