Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին առողջ զինվորներից բացի նաեւ առողջ կառավարիչներ են անհրաժեշտ

Մայիս 17,2017 13:30

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հրաչյա Ռոստոմյանին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելիս նորանշանակ նախարարին հորդորեց ամբողջ ազգաբնակչությանը վարակել առողջ ապրելակերպով եւ որքան արագ, այնքան լավ:

Նախարարությունը մասսայական սպորտը զարգացնելու, առողջ ապրելակերպը ազգաբնակչության լայն շրջաններում տարածելու նպատակով բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնում է, որոնցում իսկապես ընդգրկված են ամենատարբեր խավերը, սկսած մարզական ընտանիքներից, հաշմանդամություն ունեցողներից, վերջացրած զինակոչային տարիքի երիտասարդներով, դպրոցներով, նախադպրոցական հիմնարկներով ու կալանավայրերով: Բայց մի խավ կա, որը դուրս է այս շարժումից: Դա մեր պաշտոնյաներն են՝ կառավարության, նախարարությունների ղեկավար կազմը: Իհարկե, կառավարիչները կասեն, թե զբաղված են իրենց ոլորտների հոգսերը հոգալով, հազար ու մի խնդիրները լուծելով ու ժամանակ չունեն: Համոզիչ չէ: Քանի՞ երկրի առաջին դեմք գիտենք, որոնք շատ ավելի հոգսաշատ լինելով՝ առողջ ապրելակերպով, անգամ պրոֆեսիոնալ մակարդակի սպորտով զբաղվելու ժամանակ գտնում են: Իսկ մեր կառավարիչները այս ամենին նայում են աշխատասենյակի կամ ծառայողական մեքենայի պատուհանից: Իսկը՝ ճառ ասելու, թե զանգ կախելու հայտնի պատմությունն է:

Գուցե, մեր հիմնականում երիտասարդ կառավարիչներն ամաչո՞ւմ են պարտվելուց: Բայց նման հարց չկա: Խոսքը առողջ ապրելակերպի մասին է, որտեղ հաղթում են բոլորը: Երկրին առողջ քաղաքացիներից ու զինվորներից բացի առողջ կառավարիչներ էլ են պետք: Առողջ ու ֆիզիկապես ակտիվ կառավարիչը շատ ավելի լավ ու արդյունավետ կանի իր գործը:

Առաջարկ մեծարգո վարչապետին: Կազմակերպել մատչելի մարզաձեւերի համալիր մրցում, ասենք՝ «Վարչապետի գավաթի» համար, որին պարտադիր մասնակցեն գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակազմերը, նախարարներն ու տեղակալները: Ու խնդրանք. ընդգրկել նաեւ ԶԼՄ-ների հավաքական թիմին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031