Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղից է սկսվում հայրենիքի ու պետության իրական փոփոխությունը

Մայիս 17,2017 13:00

Մենք բոլորս ուզում ենք ունենալ արդար հայրենիք ու հզոր պետություն: Ու մենք դրան նայում ենք՝ որպես համակարգ: Բայց մոռանում ենք, որ պետությունը դա մարդիկ են ու ոչ թե ինչ-որ տեխնիկական համակարգ: Պետությունը դա մենք ենք: Ու եթե մենք ուզում ենք նայել հզոր պետության, մենք պետք է առաջինը նայենք ինքներս մեզ: Պետությունը բաղկացած է քաղաքներից ու գյուղերից: Սրանք էլ կազմված են թաղերից, հարեւանություններից ու ընտանիքներից: Իսկ ընտանիքները բաղկացած են անհատներից: Անհատը դու ես: Ու ինչպիսին որ քո մտքերն են ու ներաշխարհն է, այնպիսին էլ կլինի քո կյանքը, քո շրջապատը, քո պետությունը, քո երկիրը:

Երբ խոսում եմ մարդկանց հետ, բոլորը բողոքում են դժվարություններից ու մեղադրում ուրիշին: Ես գիտեմ, որ ուրիշին մեղադրելն ավելի հեշտ է, քան սեփական անձին նայելը: Որովհետեւ սեփական անձին նայելը պատասխանատվության է կանչում սեփական անձը: Այսինքն՝ քեզ: Դա դու ես: Այսինքն, դու ես, որ նախ պիտի փոխվես, քո բացթողումները լրացնես, հետո նոր ուրիշից պահանջես: Թե չէ արդար չի՛ մնալ քո կոմֆորտի մեջ ու սպասել, որ բոլորը փոխվեն: Իսկ ուրիշին մեղադրելը ավելի հեշտ է (ով էլ լինի), քանզի ուրիշին մեղադրելը փախցնում է այդ պատասխանատվությունից:

Բայց կա մի ավելի լավ ու հետաքրքիր բան: Պարզվում է, երբ փոխվում ես դու, ապա կա մի օրենք, որի համաձայն նաեւ սկսում են փոխվել քո շրջապատի մարդիկ: Ավելի մեծ բան կա: Երբ դուք փոխեք ձեր մտքերը, ձեր շրջապատի մարդիկ էլ են փոխվում: Երբ դուք փոխեք ձեր մտքերը մարդկանց նկատմամբ, ապա դուք աստիճանաբար կփոխեք նաեւ այդ մարդկանց մտքերը: Ու այսպես շղթայական ռեակցիայի պես ամեն ինչ սկսվում է փոխվել:
Եթե ձեր մտքերը բարություն ու սեր են, ապա ձեր շրջապատի մարդկանց մտքերն էլ աստիճանաբար կդառնան բարություն ու սեր: Եթե դուք իսկապես սիրեք Աստծուն, Նրա մեծ ընտանիքն ու այդ ընտանիքի անդամներին, ապա ձեր մտքերը կսկսեն փոխվել մարդկանց նկատմամբ ու ինքներդ ձեր նկատմամբ: Դուք ավելի համբերատար կլինեք, որը սիրո առաջին նշանն է (Ա Կթ. 13:4): Դուք մարդկանց այդքան արագ չեք դատի, այլ կհասկանաք նրանց ցավը եւ կուզենաք օգնել: Այս ամենը կանեք, որովհետեւ դուք սիրում եք ձեր Աստծուն, այդ սիրո պատճառով ձեր սիրտը ջերմանում է ու ձեզանից խաղաղություն ու սեր է ճառագում ձեր շուրջը: Չէ՞ որ Տեր Հիսուսն ասաց, որ եթե մենք իրեն իսկապես հավատանք, ապա մեր սրտերից Սուրբ Հոգին կենդանի ջրերի պես է բխելու (Հովհ. 7:38-9):

Երբ որ մեր հայրենիքը լի է մարդկանցով, ում սրտերից միայն լույս ու սեր է ճառագում, ապա դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի պետություն կունենանք մենք: Երբ որ մեր հայրենիքում լի են ծնողներ, որոնցից սեր ու լույս է ճառագում, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի երեխաներ կունենանք մենք: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի մարդիկ կդաստիարակվեն ու ինչպիսի սերունդ կմեծանա: Ախր չէ՞ որ այդ երեխաներն են մեր վաղվա զինվորները, ուսուցիչները, բժիշկները, առաջնորդներն ու ծառայողները:
Այս ամբողջ պատմության բարի շունչն այստեղ չի ավարտվում: Մի հատ էլ լավ բան կա: Երբ որ սկսում ես փոխվել դու, ու չանել այն, ինչ չի կարելի ու անել այն, ինչ պետք է անել, ապա դու անմիջապես խաղաղություն ու ազատություն ես զգում քո ներսում: Դու սկսում ես քո խղճի հետ հանգիստ ապրել ու հանգիստ քնել: Քեզ չեն տանջում կպչուն մտքերն ու չար հիշողությունները, այլ քո միտքը լցված է բարի հիշողություններով, որովհետեւ դու որոշել ու սկսել ես փոփոխությունը սկսել քեզանից:

Իսկ դա շատ պարզ է, դա պարզապես ոսկե օրենքն է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը տվեց բոլոր մարդկանց, ովքեր ապրում են այս երկրի վրա: «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները» (Ավետարան ըստ Մատթեոսի 7:12):

Ու կփոխվի եւ ձեր անձը, եւ ձեր ընտանիքի անդամները, եւ ձեր բակը, եւ ձեր ընկերները, եւ մեր երկիրը: Ու Աստուծո լույսը, սերը եւ հավիտենական կյանքի հույսը կողողեն մեր սրտերը՝ ուրախության ու ցնծության մեջ ապրեցնելով մեր կյանքերը:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/ armen.hareyan

 

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031