Լրահոս
Օրվա լրահոսը

Արամեի բախտն ի սկզբանե բերել է (Ֆոտոշարք)

Մայիս 17,2017 14:00

Հետխորհրդային տարիներին անհասանելի թվացող մշակութային այնպիսի կենտրոններ, ինչպիսիք են Կրեմլի պալատը, Մեծ թատրոնը, Մարիինյան թատրոնը եւ այլն, այսօր արդեն հասանելի են յուրաքանչյուր արվեստագետի եւ կոլեկտիվի համար: Սակայն ռեժիսոր Լեւոն Իվանյանը, որը մի շարք միջոցառումներ է իրականացրել, այս դեպքում՝ Կրեմլի պալատում, տարածված կարծիքը չի կիսում: Նրա խոսքերով՝ վարձակալումը դեռ բավարար չէ. «Ամենայն մանրամասնությամբ տվյալ արվեստագետը, կոլեկտիվը կամ միջոցառումը, ինչպես նաեւ ներկայացվելիք ծրագիրը մինչ վարձակալումը «ստուգվում» է պալատի ստեղծագործական եւ տեխնիկական հանձնախմբերի կողմից»:

Վերջերս Կրեմլի պալատում հայկական շոու-բիզնեսի սիրված ներկայացուցիչներից Արամեն հանդես եկավ «10 տարի միասին» խորագիրը կրող մենահամերգով:
«Առավոտի» հետ զրույցում երգիչը հայտնեց, որ համերգային ծրագրում ընդգրկված էին երգեր իր ստեղծագործական կյանքի առաջին տարիներից մինչեւ մեր օրերը, ներկայացվել են նաեւ դուետներ Աննա Թովմասյանի, Քրիստինե Պեպելյանի, Սիլվա Հակոբյանի, Դիանա Գուրցկայայի, Մարգարիտա Պոզոյանի, Անժելիկա Ագուրբաշի հետ: Երգիչը հավելեց նաեւ, որ կենդանի կատարումն ապահովել են Կարեն Սեւակ բենդն ու երաժիշտներ Ռուսաստանից, ռեժիսորն էլ կլիպմեյքեր Սյոմա Կոդաբաշյանն է, որը զբաղվում է Արամեի ադմինիստրատիվ աշխատանքներով: Իսկ մոտ ժամանակներս երգչի երկրպագուները կրեմլյան համերգը կդիտեն «Արմենիա» TV-ով:

Արամեն ժամանակին մենահամերգ է ունեցել մեր մարզահամերգային համալիրում, որը տեղավորում է շուրջ 12 հազար հանդիսատես, ինչ վերաբերում է Կրեմլի պալատին, այն նախատեսված է ավելի քան 5700 հանդիսատեսի համար, սակայն համարվում է աշխարհի հեղինակավոր սրահներից մեկը:

 

Մեր զրուցակիցը կանխելով հարցը, թե հանդիսատեսը միայն հայազգի՞ էր, նշեց. «Մթնոլորտը չափազանց մտերմիկ էր: Այնպես չէ, որ ողջ դահլիճում հայեր էին, ինձ ճանաչում էին եւ իմ երկրպագուն էին: Կար այլազգի եւ ինչպես ընդունված է ասել՝ «կրեմլյան» հանդիսատես»:

Վերջերս ռուսաստանյան Ru TV-ն հեռարձակեց Արամեի կատարմամբ Աննա Հովների «Եկել ու գնացել է» երգի տեսահոլովակը՝ Ալեքսեյ Գոլուբեւի ռեժիսուրայով: Ռուսաստանյան TV-ներով, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր, հատուկենտ հայ կատարողներ են արժանանում նման պատվի, օրինակ՝ ժամանակին ռուսաստանյան կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող տարբեր նախագծերում երեւացել են Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Արտաշես Ավետյանը, Էռնա Յուզբաշյանը, Զառա Տոնիկյանն ու Գեորգի Մինասյանը, ինչպես նաեւ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախումբն իր մեներգիչներով:

Նաեւ խոսում էին, թե միայն ցուցադրությունը ահռելի գումարների հետ է կապված:

Այս առիթով Արամեն ասաց. «Հավանաբար բախտս բերեց: RU TV-ի պրոդյուսերը ընդամենն ասաց՝ ես քեզ հավանում եմ»: Դիտարկմանը, թե երգչի ստեղծագործական կյանքի ադմինիստրատորը Սյոմա Կոդաբաշյանն է, բայց նրա հանրահայտ լինելուն նպաստել է ժամանակին իր պրոդյուսերը՝ Արմեն Ամիրյանը, երգիչը համակարծիք լինելով՝ մանրամասնեց. «Եթե այսօր առաջարկ ունենամ այլ պրոդյուսերի կողմից, որն իր ներդրումով ու աշխատանքով արժանի լինի Ամիրյանին… Դժվարանում եմ պատկերացնել… Իսկ Սյոման իմ լավ ընկերն ու բարեկամն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Կադրեր Արամեի կրեմլյան համերգից:

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031