Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտը թող ապրեր՝ մենք էլ դատախազության դուռը գնայինք»

Մայիս 17,2017 12:00

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի իշխանությունները
հանդուրժող են «Ակոսի» խմբագրատան նկատմամբ

Մայիսի 4-7-ը «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանատան հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում Հայաստանից Ստամբուլ մեկնած 18 հոգանոց խումբն այցելեց Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատուն: Հայաստանյան խմբին ընդունեցին «Ակոսի» հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը եւ խմբագրական ընդհանուր վարիչ Էդուարդ Տանձիկեանը:

Բագրատ Էստուկյանը նախ խոսեց 21 տարի հրատարակվող թուրքալեզու եւ հայալեզու «Ակոս» թերթի մասին: «Ակոսի» թուրքերեն հրատարակությամբ թերթի ընթերցողների թիվն ընդարձակվել է, որոշ ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ «Ակոսի» ընթերցողների մեկ երրորդն է հայ, ունենք ոչ հայ ընթերցողներ, հիմնականում երկրի ազգային փոքրամասնություններն են` հույներ, ասորիներ, հրեաներ, ինչպես նաեւ քրդեր եւ թուրքեր: Ընդդիմադիր գիծ որդեգրած, ազատամիտ թերթ է «Ակոսը»: Թերթում հոդվածագիրներ ունենք, որոնք հայ չեն: Թուրքիայում հայ լինելն ինքնին ընդդիմադիր լինելու ձեւ է, իհարկե, բոլոր հայերը չեն, որ ընդդիմադիր են, իշխանամետ հայեր էլ կան, բայց հայ լինելով, հայեցի մտքով ենք բարձրաձայնում, նշանակում է արդեն իսկ ինքնաբերաբար պետք է ընդդիմադիր կեցվածք ունենալ: Բայց «Ակոսի» ընդդիմադիր լինելը քաղաքական չէ, Հրանտի անհատականությամբ էր պայմանավորված, քանի որ նա իր կեցվածքով եւ գաղափարախոսությամբ ընդդիմադիր ներուժ ունեցող անձնավորություն էր»,- նշեց պարոն Էստուկյանը:

«Ակոսի» գլխավոր ճամփան, պայքարելու նպատակը Թուրքիայի հայ հասարակության գոյությունն ամբողջ երկրում տեսանելի դարձնելն է՝ ասում է Բագրատ Էստուկյանը` նկատելով, որ «Ակոսը» բացառիկ է նրանով, որ չի գտնվում իշխանության վերահսկողության տակ: Խմբագրությունը ձգտում է պահել թերթի 5000 տպաքանակը, եւ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում տպագիր մամուլն անկում է ապրում, թեեւ նախկինում, Հրանտ Դինքի սպանությունից հետո, թերթի տպաքանակը բավական մեծացել էր: 15-16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում «Ակոսը» կարելի է գտնել հայաշատ թաղամասերում, ինչը չի կարելի ասել Ստամբուլի մյուս թաղամասերի մասին:
Անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Դրան հաջորդեցին ձերբակալություններ երկրի զինված ուժերում եւ տարբեր հաստատություններում ու իշխանական կառույցներում, փակվեցին բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, Թուրքիայում մինչ օրս հայտարարված է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրեց «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

«Ակոսի» խմբագրատունը, առհասարակ հայ համայնքը հեղաշրջման փորձից հետո ճնշումներ չի զգացել Թուրքիայի իշխանությունների կողմից՝ նշեց Էդուարդ Տանձիկեանը՝ հավելելով, որ երբեմն, իհարկե, անհեթեթ մեղադրանքներ հնչում են թուրքական մամուլում կամ առանձին գործիչների կողմից, թե իբր` «Գյուլենը կարող է հայ կամ հրեա լինել», կամ` «պատերազմի մասնակցողները քրդեր չեն, կարող է հայ են», կամ մեկ ուրիշը` «եթե ռազմական հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր` Թուրքիայի մեջ Հայաստան կհիմնվեր»: «Բայց նման հայտարարություններ անողներն էլ շատ լավ գիտեն, որ սուտ են նրանց այս ասածները, եւ դրանց իրականում ոչ ոք լուրջ չի էլ վերաբերվում»,- նկատեց Էդուարդ Տանձիկեանը` նշելով, որ ճնշումների մթնոլորտն ընդհանուր առմամբ ամբողջ ժողովրդի վրա է, ոչ թե առանձին հայ համայնքի նկատմամբ:Նա տեղեկացրեց, որ վերջին շրջանում ինչպես ոչ իսլամիստները, այնպես էլ ազգային փոքրամասնությունները, աշխարհիկ հայացքներ ունեցող թուրքերը տեղափոխվում են Թուրքիայից այլ երկրներ, ընդհանուր առմամբ, մտահոգ լինելով իսլամիստների ազդեցության մեծացմամբ:

Էդուարդ Տանձիկեանն այնուհետեւ ուշագրավ դիտարկում արեց` անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական մամուլը գրաքննելու փորձեր արվո՞ւմ են Թուրքիայում իշխանությունների կողմից, ինչպես թուրքական մեդիան է վերջին շրջանում ճնշումների ենթարկվում: Հայոց ցեղասպանության մասին «Ակոսն» ազատորեն գրում է՝ ասաց պարոն Տանձիկեանը. «Բայց Հրանտ Դինքին զոհ տվեցին, ու դժբախտաբար նրա սպանությունից հետո միայն Թուրքիայի կառավարությունը հասկացավ, որ եթե հայ որեւէ մեկ լրագրողի, հայ գրողի կամ հայ մտավորականի նկատմամբ ճնշում գործադրեն` անմիջապես իրենք թիրախ են դառնալու (նկատի ունի` իշխանությանը կմեղադրեն, կքննադատեն- Է. Գ.): Դժբախտաբար, այս վերաբերմունքն առաջացավ Հրանտի սպանության արդյունքում միայն: Հրանտը թող ապրեր` մենք համաձայն կլինեինք դատախազության դուռը գնալ` պարզաբանումներ տալու»,- ասաց Էդուարդ Տանձիկեանը` արձանագրելով, որ Դինքի սպանությունից հետո իրենց նկատմամբ հիմա ավելի հանդուրժող են Թուրքիայի իշխանությունները:

Թուրքիայի հայերի առօրյային անդրադառնալով՝ Բագրատ Էստուկյանը նշեց, որ հայերը 1915-ից հետո էլ մշտապես խնդիրներ են ունեցել որպես ազգային փոքրամասնություն, որովհետեւ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների պետական քաղաքական նպատակը փոքրամասնությունների ազդեցությունը փոքրացնելուն էր միտված, բնակչության նվազեցմանը: «Անգամ ազգային ունեցվածքը հափշտակելու փորձեր եղան 1972 թվականից հետո, սակայն վերջին 15 տարիներին իշխանությունը դրանք վերադարձնելու միտում ցուցաբերեց, մի մասը վերադարձվեց անգամ, սակայն ավելի մեծ մասը հափշտակվել են, նպատակադրվել էին մեր հաստատությունները թուլացնել:

16 հայկական վարժարան է գործում Թուրքիայում, շուրջ 50 եկեղեցիներ ունենք, երկու հիվանդանոց, մամուլ, միություններ: Այս բոլորը կենդանի պահելու նյութական բեռը դրված է այս համայնքի ուսերին, համայնք, որի թիվը հստակ չլինելով հանդերձ՝ ենթադրաբար 50-70 հազար է, ենթադրյալ թիվ է, որովհետեւ մարդահամար չենք կարողացել անել, հստակ թիվ չգիտենք»,- նշեց պարոն Էստուկյանը՝ հավելելով, որ շատ հայ ընտանիքների երեխաներ հայկական դպրոցներ չեն հաճախում, շատ ընտանիքներ նախընտրում են օտար դպրոցներ` այն պատճառաբանությամբ, որ օտար դպրոցներն իրենց երեխաների համար ավելի լավ ապագա կարող են խոստանալ, ավելի լավ է տեղական լեզվին եւ օտար լեզուներին տիրապետեն իրենց զավակները, քան միայն հայկական դպրոցներում ուսանեն, նրանց պատկերացմամբ` առավելություններ չեն ստանա:

Ուշագրավ էր Բագրատ Էստուկյանի մեկ այլ բացահայտում, որի մասին, նրա փոխանցմամբ, բազմիցս բարձրաձայնել են: Պարզվեց՝ Թուրքիայում կրոնափոխ հայերը, որոնց մի մասը ինքնության փնտրտուքի փուլում է հիմա, խնդիրների առջեւ է հայտնվում: Ժամանակին իսլամացած հայերը գնում են հայկական եկեղեցի, ասում են` «հայ ենք», բայց նրանց գրկաբաց չեն ընդունում, հայոց պատրիարքարանը, ըստ պարոն Էստուկյանի, պայմաններ է առաջ քաշում, թե` մի քանի ամիս պետք է գաք պատարագի եւ այլն, մինչդեռ մարդիկ շատ հաճախ ժամանակ չեն ունենում, պարզապես անկեղծորեն գնում, խոստովանում են, որ հայ են, այդ մարդիկ չգիտեն՝ ինչպես ինտեգրվեն, ինչից սկսեն, սակայն, փաստորեն, աջակցություն չեն ստանում պատրիարքարանի կողմից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031