Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ժենշե՞ն, թե՞ լոշտակ. երբ է մեզ անհրաժեշտ

Մայիս 17,2017 12:30

Դդմազգիների ընտանիքին պատկանող սովորական լոշտակը բազմամյա խոտաբույս է, մոլախոտ, որը նաեւ լայն կիրառում ունի բնաբուժության մեջ: Այս դեղաբույսին հաճախ անվանում են հայկական ժենշեն, քանի որ կառուցվածքով եւ որոշ բուժական ազդեցությամբ շատ նման է իսկական ժենշենին: Լոշտակը ծաղկում է ամռանը, մեծ մասամբ գետահովիտներում, թփուտներում, աղբուտներում։ Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը, որը մսալի է, հաստ, դառնահամ։

Բնաբույժները խորհուրդ են տալիս կիրառել թարմ վիճակում, քանի որ չոր վիճակում արմատի բուժիչ հատկությունները նվազում են։ Այն հավաքում են գարնան կամ աշնան ամիսներին, մաքուր լվանում, կլորաձեւ կտրատում եւ օգտագործում։ Չորացնելու դեպքում հարկավոր է շարել թելին եւ չորացնել կախված վիճակում՝ հով, քամահարվող, ստվերոտ տեղում։

Բույսը պարունակում է բրիոռեգին կոչվող խեժը, որն աչքի է ընկնում լուծողական ուժեղ ազդեցությամբ, ինչպես նաեւ դաբաղող նյութեր, գլիկոզիդներ, ֆիտոնցիդներ, եթերայուղ։
Հայտնի են լոշտակի արմատի ամոքիչ, լուծողական, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, հյուսվածքների վերականգնումն արագացնող հատկությունները։ Այս առումով այն լայն կիրառում է գտել ջղացավերի, փորկապությամբ ընթացող կոլիտների, ստամոքսի խոցերի, միզկապությունների, մաշկի էկզեմաների, չիբանների, թեփոտության, առատ դաշտանի, ռեւմատիզմի դեպքում։ Արմատի եփուկը լավացնում է նաեւ ախորժակը եւ բարերար ազդեցություն թողնում ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների վրա, քանի որ առաջացնում է ստամոքսի հյութազատիչ եւ շարժողական գործառնությունների դրդում։ Բույսը ունի նաեւ որոշակիորեն արտահայտված հակաուռուցքային ազդեցություն։


Կիրառման եղանակները։ Թարմ բույսը արմատից կտրել եւ քսել մարմնի ցավոտ մասին (նստանյարդի եւ հոդերի բորբոքումներ)։ Թարմ հյութը քամելուց հետո քսել մաշկին, որը վերացնում է թարախային բշտերը եւ թարմացնում մաշկը։ Հյութը ճաշի գդալով օգտագործվում է նաեւ փորկապության դեպքում, ինչպես նաեւ ծառայում է որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։

Փոշի՝ արմատից։ Հանել արմատի կեղեւը, մանր կտրատել եւ չորացնել արեւի տակ, որից հետո աղալ՝ ինչպես սուրճը։ Սա օգտակար է ինչպես ուռուցքների, այնպես էլ բրոնխիալ ասթմայի դեպքում։

Ջրաթուրմ՝ արմատափոշուց: Կես թեյի գդալ արմատափոշին երկու ժամ թրմել 2 բաժակ եռման ջրում եւ խմել 20 օր, օրական 3 անգամ, ուտելուց հետո:
Ոգեթուրմ: Մեկ մաս արմատափոշին խառնել 30 մաս 70 աստիճան սպիրտի հետ: Թողնել 3 օր` հաճախակի խառնելով այն: Այնուհետեւ քամել թանզիֆով: Խմել ջրով, 20 կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց հետո:

Քսուք: Մեկ թեյի գդալ արմատափոշին խառնել 100 գրամ արեւածաղկի յուղին, ստացված խառնուրդով տրորել մարմնի ցավոտ մասը` հոդացավ:

Ուշադրություն: Քանի որ կա ալերգիայի վտանգ, հետեւաբար չքսել մաշկի մեծ մակերեսի վրա:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031