Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի՝ 10 անդամից բաղկացած ընտրությունների գնահատման թիմը Լիիզա Անսալայի (Ֆինլանդիա) գլխավորությամբ և ԵՄ Տարածաշրջանների կոմիտեի երկու ներկայացուցիչների մասնակցությամբ ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների դիտորդական առաքելությունը։
Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հիման վրա անցկացված քվեարկության ընթացքում անձը նույնականացնող սարքերն օգտագործվել են երկրորդ անգամ, ինչը հնարավորություն է տվել Կոնգրեսի պատվիրակությանը գնահատել և՛ օրինական շրջանակը, և՛ նոր ընտրական համակարգի իրականացումը՝ ընտրողների անի նույնականացման և կեղծիքները կանխելու հարցերով։
Երևանի 100 ընտրատեղամասեր կատարած այցից հետո դիտորդները սարքերի աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն արձանագրել։ Արձանագրվել է նաև, որ բոլոր ընտրատեղամասերում տեղադրված են եղել տեսախցիկներ՝ ընտրակեղծիքները, կրկնակի քվեարկությունները կանխելու և թափանցիկություն ապահովելու համար։ Նոր Ընտրական օրենսգրքով նախատեսվում է նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների ցանկի հրապարակում։
Բացի տեխնոլոգիաներից՝ Կոնգրեսի դիտորդները դրական են գնահատել նաև ընտրատեղամասերում հանձնաժողովների աշխատանքը, որոնց անդամները, այդ թվում ՏՏ մասնագետները, վերապատրաստվել էին ԿԸՀ-ի կողմից։ Ընդհանուր առմամբ, քվեարկության օրն անցել է հանգիստ, բացառությամբ կրկնաքվեարկության և ընտրակաշառքների մի քանի միջադեպերի, որոնց մասին Կոնգրեսի անդամներին տեղյակ են պահել։
«Փոփոխված ընտրական օրենսգիրքը և նոր տեխնիկական միջոցները որոշակիորեն բարելավել են իրավիճակը ընտրատեղամասերի ներսում։ Այնուամենայնիվ, հետագայում որոշակի ժողովրդավարական համախմբում է անհրաժեշտ նաև դրսում։ Ինչպես և ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում, Երևանի ավագանու ընտրություններում էլ մեր պատվիրակությունը լսել է, որ ընտրակաշառքների և ձայներ գնելու դեպքերը համակարգային խնդիր են Հայաստանում։
Ավելին, խնդիրներ կան նաև հանրային ծառայողների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների սխալ կիրառման հարցում։ Կիրակի մեր դիտորդների կողմից կատարված այցերի մեծամասնության դեպքում ընտրատեղամասերի դիմաց և դրանց շրջակայքում եղել են մարդկային կուտակումներ, որն, ընդհանուր առմամբ ստեղծում է ուղղորդված քվեարկության տպավորություն։ Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ավտոբուսներով ընտրողների են բերել ընտրատեղամասեր։ Իշխանությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն այս բոլոր հարցերին, որպեսզի բարձրացնեն վստահությունն ընտրությունների և, ընդհանուր առմամբ վարչակարգի նկատմամբ»,- ասվում է Կոնգրեսի փոխնախագահ Լիիզա Անսալայի հայտարարության մեջ։
Նա նաև նշել է, որ այն փաստը, որ ընտրողների միայն 40 տոկոսն է մասնակցել ավագանու ընտրություններին, լուրջ ահազանգ է և ցույց է տալիս քաղաքական ապատիայի և քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության բարձր մակարդակը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ