Washington Post-ում, իսկ այնուհետև մի շարք այլ պարբերականներում հրապարակած հոդվածները տեղեկացնում են, որ նախագահ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու դեսպան Սերգեյ Կիսլյակին նրանց հետ Սպիտակ Տանը հանդիպման ընթացքում: Ըստ լրատվամիջոցների, նախագահ Թրամփը խոսել է ավիացիայի ոլորտում առկա սպառնալիքների մասին տեղեկացված լինելու վերաբերյալ:
«Հրապարակված նյութը իրականությանը չի համապատասխանում: Նախագահը և արտգործնախարարը խոսել են մեր երկու երկրներին սպառնացող մի շարք վտանգների մասին, ներառյալ քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Որևէ գաղտնի տեղեկատվություն չի քննարկվել: Նախագահը չի հրապարակել որևէ ռազմական գործողության մասին տեղեկություն, որը դեռևս հայտնի չէ հանրությանը: Հանդիպմանը ներկա երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներառյալ պետքարտուղարը նույն կերպ են հիշում այս հանդիպումը: Ես էլ էի ներկա այնտեղ: Նման բան տեղի չի ունեցել»,- ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄաքՄասթերը:
Լրատվամիջոցները սակայն մտահոգություն են հայտնում, որ գաղտնի տեղեկությունը կարող է վտանգել ԴԱԻՇ-ի մասին տեղեկություն տրամադրող աղբյուրին:
ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել գրեթե ամեն տեսակի տեղեկություն, ուստի իրավական առումով չկա որևէ խնդիր: Սակայն հատուկ ծառայությունների աշխատակիցները մտահոգություն են հայտնում, որ նման գաղտնազերծումները կարող են վնասել ԱՄՆ-ին տեղեկություն տրամադրած բարեկամ երկրների հետ հարաբերություններին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերկայի ձայն»-ի կայքում: