Նոյեմբերյան քաղաքում ընթանում է 101 տարի առաջ գործարար, բարեգործ Աբել Ամիրաղյանի կառուցած շենքի հիմնանորոգումը: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ շենքը հիմնանորոգվում է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: 79 միլիոն 756 հազար դրամանոց ծրագրում համայնքի ներդրումը կազմելու է 3,2 միլիոն դրամ:
Համայնքի ղեկավարն ասաց՝ հնարավոր է, որ գտնվի բարեգործական կազմակերպություն կամ անհատ, որը սահմանամերձ համայնքի փոխարեն կատարի այդ դրամական ներդրումը: Եթե դա չստացվի, Նոյեմբերյան համայնքն իր սուղ միջոցներից կիրականացնի այդ ներդրումը: Նորոգման աշխատանքները վերջերս են սկսվել, սակայն թափով են ընթանում: Հիմնանորոգումը կատարում է Իջեւանի «Խաչմիշշին» ՍՊԸ-ն:
Շենքի երկրորդ հարկում գործում էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղը, առաջին հարկում՝ Նոյեմբերյանի տարեցների ակումբը: Հիմնանորոգումից հետո դրանք կվերադառնան նոր կյանք ստացած կառույց: Հիմնանորոգվող շենքի պատին փակցված հին ցուցանակին գրված է. «Այս Դպրոցի Շինութիինը կառուցել է 1916թ. վաճառական Աբէլ Ամիրաղեանը իր ծննդավայր Բարանայ գիիղում եի նուիրել է Կ. Հ. Բ. Ընկերութեանը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ