Մայիսի 16-ին և 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ միջազգային եզրափակիչ համաժողով՝ Եվրոպական Միության ՏԵՄՊՈՒՍ «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» ծրագրի շրջանակներում:
Գիտաժողովի նպատակն էր անդրադառնալ մարդկային ռեսուրսների (ՄՌ) ռազմավարական կառավարման գործընթացին, աշխատակազմի վերապատրաստման և մասնագիտական զարգացմանը, ՄՌ ծրագրային ապահովման զարգացմանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձի փոխանակմանը։ Բանախոսները, ի թիվս ծրագրի արտասահմանյան այլ գործընկերների, Բարսելոնայի Կատալոնիայի պոլիտեխնիկական, Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական, Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական համալսարաններից էին:
Ինչպես նշեց ՀԱՀ մարդկային ռեսուրսների ղեկավար Արինա Բեկչյանը, ծրագիրը հիանալի հնարավորություն տվեց ծանոթանալու մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում եվրոպական համալսարանների փորձին, ուսումնասիրելու ժամանակակից միտումները և դրանք լավագույնս տեղայնացնելու ու կիրառելու հայաստանյան համալսարաններում:
«Ավելի քան երեք տարվա աշխատանքի ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները մենք արդեն իսկ կիրառում ենք մեր ամենօրյա աշխատանքում: Նաև լիահույս ենք, որ ծրագրի ընթացքում ստեղծված ամուր և փոխշահավետ համագործակցությունը մասնակից համալսարանների հետ կշարունակվի ապագայում» ,- հավելեց Բեկչյանը:
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ