Հայաստանի պետական կամերային երգչախումբը ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում հունիսի 5-9-ը կայցելի Արցախ:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, համերգները կկայանան Շուշիում, Ստեփանակերտում, Գանձասարում եւ Մարտակերտում:
«Մշակույթի նախարարությունն ամբողջ ծախսերը` ճանապարհածախս, գիշերակաց եւ օրապահիկ, վերցնում է իր վրա: Նախատեսել ենք նաեւ հուլիսի 20-30-ը համերգներով հանդես գալ Տավուշի մարզում` Նոյեմբերյանում, Իջեւանում, Պառավաքարում եւ Բերդում»,- նշեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրենը: Նրա ասելով, մշակույթի նախարարությունը այս անգամ էլ կաջակցի:
Ինչ վերաբերում է երաժիշտներին, Արմեն Արաբյանի հավաստմամբ, նրանք ելույթ են ունենալու առանց հոնորարի. Բայց ոգեւորությամբ: «Նրանք հաճույքով կմասնակցեն սահմանամերձ բնակավայրերում կայանալիք համերգներին»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:
Պարոն Արաբյանը հավելեց, որ Արցախից վերադառնալիս Գորիսում եւս հանդես կգան, գորիսյան համերգն էլ կկայանա կամ տեղի դրամատիկական թատրոնում, կամ եկեղեցում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` chambermusiccenter.am կայքից: