Հայաստանում է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի փորձագետ Վալերի Դվոյնիկովը: Նա Երեւան է եկել «Օլիմպիական համերաշխություն» ՄՕԿ-ի, Ազգային օլիմպիական կոմիտեների, միջազգային եւ ազգային ֆեդերացիաների համատեղ «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում:
Վալերի Դվոյնիկովը գործնական սեմինարներ է անցկացնում մարզիչների հետ, ինչը նրանց եւ նրանց միջոցով մարզիկների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունի:
Փորձագետի խոսքերով, տեղերում կատարվող մարզչական աշխատանքից շատ բան է կախված, քանի որ հենց այնտեղ է ձեւավորվում ապագա հավաքականի մարզիկը: Վալերի Դվոյնիկովը հիշում է, որ մարզիկի իր դժվարին կարիերայի ընթացքում Հայաստանից լավ ձյուդոիստների է հանդիպել: «Բայց ձյուդոն տեղում կանգնած չէ, եւ ձեր մասնագետները պետք է աճեն: Եվ տեսնում եմ, որ այդ ցանկությունն ակնհայտ է նրանց մոտ»,- ասում է ՁՄՖ-ի փորձագետը:
Սեմինարին մասնակցում է 20 մարզիչ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Արցախից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ