Լրահոս
Օրվա լրահոսը

Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով կհարցաքննվի Իսրայել Սարգսյանը՝ Իսոն

Մայիս 16,2017 20:50

Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստում այսօր հրապարակված վկաների նախաքննական ցուցմունքների մեջ կային նաեւ ոստիկանների ցուցմունքներ, որոնք չեն ներկայացել իրենց անուն-ազգանուններով:

Նրանք հետեւել են Մովսես Ներսիսյանին, որին կասկածել են Թեւոսիկի եղբոր սպանությունը կատարելու մեջ: Վերջինս իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով ոստիկանների տեսադաշտում է եղել 2014 թվականի փետրվարի մեկին, սակայն ոստիկաններին այդպես էլ չի հաջողվել բռնացնել՝ ում է տարել ու բերել իր մեքենայով Ներսիսյանը: Վերջին անգամ նրա մեքենան հայտնաբերվել է օդանավակայանում, իսկ Ներսիսյանին այդպես էլ չեն գտել, թեեւ, ըստ նախաքննական մարմնի, վերջինս սպանվել է Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի կողմից:

Գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանն էլ հայտարարեց, որ չներկայացած վկաները ոչ մի կոնկրետ բան չեն ասել, թե օրինակ իրեն տեսե՞լ են Ներսիսյանի մեքենա նստելիս, ըստ նրա, ոստիկանության խնդիրն էր կանխել հնարավոր հանցագործությունը, մինչդեռ իր տպավորությամբ, ոստիկաններն ավելի շատ մտահոգվել են, որ չբացահայտվեն: Նա նաեւ նկատեց, որ Արթուր Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերվել են ե՛ւ զենքը, ե՛ւ մարդասպանի ռետինե ձեռնոցները, բայց. «Եթե ձեռնոցները Մովսեսինը չեն եղել, ուրեմն՝ Մովսեսը չի սպանել Արթուրին, իսկ եթե Մովսեսը Արթուրին չի սպանել, ես ինչո՞ւ եմ Մովսեսին սպանել»:

Իսկ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն էլ գործը որակեց «առեղծվածային»՝ պնդելով, որ լիքը հարցեր կան չպարզաբանված:

Հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց մայիսի 23-ին, հարցաքննվելու է Իսրայել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031