Այսօր թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում 7/53 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ «Ելքի» վստահված անձ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ընտրատարածքայինի նախագահի տեղակալը՝ Գրիգորյանը իրեն ակամա մեղադրել է վերահաշվարկի դիմումի կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ.
«Նա զանգահարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին եւ հայտարարել, թե իբր ինքը տվյալ տեղամասում «Ելքի» վստահված անձ Մելինե Սարդարյանի հետ զրուցել է, Մելինեն ասել է՝ ինքը դիմում չի ներկայացրել: Եթե Մելինեն ասում է, որ չի ներկայացրել դիմում, ստացվում է, որ ես կեղծիք եմ թույլ տվել, քրեորեն պատժելի արարք: Ես պիտի հասկանամ՝ ինչու է պարոն Գրիգորյանն ինձ զրպարտել»:
Նիստին մասնակցում էր նաեւ Մելինե Սարդարյանը: Նա պարզաբանեց, որ ինքը նկատի է ունեցել, որ դիմումը ինքը չի կազմել, ուղղակի ստորագրել է: Նա հաստատեց, որ իսկապես Գրիգորյանին ասել է՝ դիմում չեմ գրել, հետեւաբար, զրպարտություն չկա:
Ուշագրավ է, որ Գրիգորյանը, որպես ապացույց, «Ելք» դաշինքի վստահված անձից՝ Մելինե Սարդարյանից գրավոր հայտարարություն էր վերցրել, ըստ որի նա գրել ու ստորագրել է, որ ընտրությունն այդ տեղամասում անցել է բնական հունով, ոչ մի ընտրախախտում չի տեսել, ինքը բողոք չունի եւ այլն:
Վահագն Հովակիմյանը, լսելով իրենց վստահված անձի գրավոր հայտարարությունը՝ բարկացավ. «Ինքը վստահված անձի նկատմամբ ճնշում է գործադրել, ի՞նչ իրավունք ունի հայտարարություն վերցնելու, դատախազությո՞ւն եք, թե՞ ոստիկանություն: Դուք հիմա ձեր լիազորությունից դուրս եք եկել: Ցույց տվեք ինձ «Ընտրական օրենսգրքում» հայտարարություն վերցնելու որեւէ իրավունք: Դուք սահմանադրությամբ ստեղծված մարմին եք, հիմա ապօրինություն եք անում, ուզում եք ձեր ապօրինությունը մինչեւ վերջ հասցնեք: Դուք հիմա հանցագործություն եք կատարում»:
Վահագն Հովակիմյանը Մելինեին դուրս հրավիրեց՝ պարզաբանելու: Մենք Մելինե Սարդարյանին հարցրեցինք՝ ճնշումներ եղե՞լ են իր վրա հանձնաժողովի կողմից, որ նման հայտարարություն գրի՝ նա պատասխանեց. «Չէ, իհարկե»:
Հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է գրել այդ հայտարարությունը՝ Մելինե Սարդարյանը պատասխանեց, որ այսօր է գրել՝ նիստին գալուց առաջ. «Ուղղակի, որ իմ խոսքը հիմք ունենա՝ թղթի վրա գրված»: Մենք տարակուսեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ ձեր կուսակցությանը չէիք ասել, որ նման գրավոր հայտարարություն եք դուք գրել՝ նա պատասխանեց. «Չեմ հասցրել, գալուց եմ գրել»:
Երբ Մելինեին հիշեցրինք, որ ինքը տեւական ժամանակ ընտրատարածքային հանձնաժողովում էր, անգամ ընդմիջման ժամին Վահագն Հովակիմյանի հետ զրուցում էին, ինչպե՞ս ժամանակ չի ունեցել՝ նա պատասխանեց. «Մոռացել եմ ասեմ»:
Նիստից հեռանալիս Վահագն Հովակիմյանն այնքան բարկացած էր, որ Մելինե Սարդարյանին միջանցքում սկսեց նախատել. «Դու լավ չես արել: Դու խի՞ ես հայտարարություն գրել, ո՞ւմ ես հայտարարություն գրել, ինչի՞…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կոչ ՀՀ կաշառակերներին՝ այսուհետ կաշառք վերցնելիս հայտարարություն ենք վերցնում կաշառատուից որ կաշառք չի տվել․․․․
Լավ միտք է, աղջկան բռնաբարում ես, հետո թուղթ վերցնում որ բողոք չունի նոր բաց ես թողնում․․․․
Հավանաբար բանակից է գալիս, զինվորներին ծեծում են, վիրավորում հետո կամանդիրը թուղթ է վերցնում որ զինվորին չեն ծեծել, բողոք չունի․․․․
Իսկ եթե լուրջ, ապա հանձնաժողովի նախագահը արդյոք բոլոր վստահված անձերից է նման հայտարարություն վերցրել, եթե այո պիտի ԴԱՏՎԻ ընտրական օրենքը խախտելու և ինքնատնօրինություն/самоуправство/ հոդվածով,
եթե միայն Ելքի վստահված անձինց է վերցրել ապա գումարած վերոնշյալին քաղաքական հայացքների համար մարդուն հետապնդելու հոդվածով։
Կոչ ՀՀ կաշառակերներին՝ այսուհետ կաշառք վերցնելիս հայտարարություն ենք վերցնում կաշառատուից որ կաշառք չի տվել․․․․