Գյումրու Ղորղանյան փողոցի 1-ին նրբանցք 11 առանձնատան տանտիրոջ՝ 77-ամյա Ստեփան Մարկոսյանի սպանությունը բացահայտված է։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը՝ իր պաշտոնական կայքում տեսանյութ հրապարակելով, որտեղ կասկածյալը՝ 22-ամյա Հ․Պ․- ն սառնասրտորեն պատմում ու ցույց է տալիս, թե ինչպես է կատարել հանցագործությունը ու դիմել փախուստի։ Ըստ ոստիկանության, Հ․Պ․-ն, որը նախկինում դատված չի եղել, ընկերների հետ գնացել է զվարճանալու, այդ ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Ստեփան Մարկոսյանի հետ, պատվիրել մնա տանը, ինքը շուտով կգա։
Զվարճանալուց հետո ընկերների հետ տաքսի է նստել, գնացել իր տուն, ավտոտնակից վերցրել է հուշանվերային թուրն ու հասել Ղորղանյան փողոց։ Տեսնելով, որ միայնակ ապրող, տարեց տղամարդը չի արձագանքում, նկուղի դռնով մտել է ներս, ննջարանում գտնվող տանտիրոջ հետ մի լավ վիճաբանել է, քաշքշել ու ծեծել են միմյանց։
Այնուհետ երիտասարդը վերցրել է սեղանին դրած դանակը ու մի քանի հարվածներ հասցրել տարեց տղամարդուն, ու նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։ Երիտասարդը ոստիկանությանը հայտնել է, որ 77-ամյա Մարկոսյանն իրեն պարբերաբար մեղադրել է իր ազգականի տնից գողություն կատարելու մեջ, որի պատճառով էլ հասել է նրա առանձնատուն՝ պարզաբանումներ պահանջելու։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, վերջիններս գտնվել են մոտ հարաբերություների մեջ։ Տարեց տղամարդը բնութագրվում է որպես հավասարակշռված անձ, նրա երեք զավակները բնակվում են արտերկրում, իսկ կինը մահացել էր վերջերս։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ