Ինչպես տեղեկացրել ենք, այսօր թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում 7/53 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկն էր, եւ «Ելքի» վստահված անձ Վահագն Հովակիմյանը արձանագրեց, որ պարկը կնքված չէր, ստորագրված չէր:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Խաչատրյանը 7/53 տեղամասի հանձնաժողովի նախագահին՝ Արսեն Համբարձումյանին հարցրեց, թե ինչո՞ւ չի կնքել եւ ստորագրել: Նա պատասխանեց. «Ես բոլորին բարձրաձայն հարցրեցի՝ ով ցանկություն ունի ստորագրելու, ոչ մեկը չուզեցավ: Հո ես զոռով չէի՞ պարտադրելու, որ ստորագրեին, տարբեր վստահված անձեր կային»: Հանձնաժողովի նիստին մասնակցում էր ՀՀԿ-ի վստահված անձը այդ տեղամասում:
Նա ասաց. «Ճիշտն ասած, շատ հոգնած էինք, չստորագրեցինք»: «Ելքի» վստահված անձը՝ Մելինե Սարդարյանը նույնպես ասաց, որ ինքը չի ստորագրել ու ուշադիր էլ չի եղել, թե մյուսները ստորագրե՞լ են:
Ընտրատարածքային հանձնաժողովի անդամներն ասացին, որ պարկը ստորագրելը պարտադիր չէ, ըստ ցանկության է. «Օրենսգրքում չկա նման հոդված, որ պարտադիր պետք է լինի կնիք եւ ստորագրություն: Կամավոր հիմունքներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է դնել ստորագրություն»:
Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահը Արսեն Համբարձումյանին հարցրեց՝ բա կնիք ինչո՞ւ չես դրել: Նա պատասխանեց. «Ներող եղեք, թերացել եմ, ուղղակի շատ էինք հոգնած»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ