Մայիսի 15-ին Նոյեմբերյանի մշակութային կենտրոնում (տնօրեն՝ Մելսիդա Վերանյան) ՀՀ մշակույթի նախարարության Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը բեմադրեց Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը: Մուտքը ազատ էր. ներկայացումը կայացավ համազգային հայ կրթական եւ մշակութային միության հովանավորությամբ, Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ: Ներկայացմանը ներկա էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը՝ իր տիկնոջ հետ:
Ներկայացումը հուզիչ պատմություն էր արտագաղթող հայերի պատճառով դատարկվող գյուղի մասին: Ամեն հեռացող իր տան բանալին էր հանձնում մեղվաբույծ Մկրոյին եւ նրա կնոջը՝ Սիրանուշին: Նրանցից բացի այլ գործող անձ կա՝ հարեւան Կարապետը:
Բեմը համեստորեն, սակայն պատշաճ էր կահավորված, հնչունային ձեւավորումը եւս ճաշակով էր: Չնայած սյուժեն դանդաղ էր զարգանում, շատ ու երկար էին զրույցները,սակայն ներկայացումը, հիրավի, հաջողված էր: Դա պայմանավորված էր դերասանների լավ խաղով, նրանց մարմնավորած կերպարները բնական էին եւ համոզիչ:
Ներկայացման ավարտին հանդիսատեսները երկար ծափահարություններով երախտագիտություն հայտնեցին թատերախմբին: Նրանց ծաղիկներ հանձնեցին, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, թատերական ռեժիսոր Սամվել Բեգլարյանը Նոյեմբերյանի մշակութային կենտրոնի շնորհակալագիրը հանձնեց թատերախմբին:
Բեմադրությունից հետո հանդիսատեսները դրվատելով ներկայացումը, մեզ ասացին ՝ լավ կլինի, եթե հաջորդ անգամ Նոյեմբերյանում այլ թեմայով ներկայացում բեմադրվի, քանի որ մարդիկ մշտապես տառապում են՝ տեսնելով Նոյեմբերյանի սահմանագոտուց արտագաղթը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ