Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում «Ելք» դաշինքի դիմումի հիման վրա 7/53 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկն է:
«Ելքի» վստահված անձ Վահագն Հովակիմյանը նկատեց, որ պարկը ստորագրված եւ կնքված չէր. «Այսպիսի պարկ ձեր մոտ կա պահեստավորված, կարող եք ցանկացած պահի կազմել, թղթերը դնել մեջը եւ բերել»:
Ընտրատարածքային հանձնաժողովի անդամներից մեկը առաջարկեց Վահագն Հովակիմյանին դուրս հրավիրել նիստից՝ ասելով, որ հանձնաժողովի աշխատանքներին խանգարում է, խոչընդոտում է, ՀՀԿ-ականների հետ է խոսում, առանց թույլտվության միջամտում է եւ այլն: Հանձնաժողովի նախագահը դրեց քվեարկության եւ Վահագն Հովակիմյանին հեռացրեցին նիստերի դահլիճից՝ աղմկելու համար:
Դավիթ Խաժակյանը խնդրեց չհեռացնել, բայց Վահագն Հովակիմյանը որոշեց հեռանալ՝ հայտարարելով. «Ես հեռանում եմ, բայց դուք՝ 7-րդ տարածքային հանձնաժողովը, իմ խորին համոզմամբ, թույլ եք տվել հանցագործություն, փոխել եք պարկը, 7/53 տեղամասի պարկը դուք փոխել եք: Դա իմ համոզմունքն է: Ձեր արածի ապացույցը խոստանում ե ճարել եւ ներկայացնել: Այդ ժամանակ դուք կտեսնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ