Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը պնդում է՝ իր պաշտպանյալը ճիշտ էլ անում է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Որովհետեւ բոլորը դատարկ ցուցմունքներ են, ոչ մի արժեքավոր, ոչ մի ծանրակշիռ, առարկային վերաբերող ցուցմունք չկա, դատավարության բոլոր մասնակիցների համար շատ հետաքրքիր է՝ ինչ է տեղի ունեցել: Մինչեւ հիմա չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել՝ ով է պատվիրել, ով է կատարել, ով է մասնակցել, լիքը հարցեր կան, բայց ես գնահատական տվող չեմ, դատարանը կտա իր գնահատականը»,- դատական նիստից հետո ասաց փաստաբան Սարդարյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ մեղադրողը հրապարակեց մոտ տասնհինգ վկայի նախաքննական ցուցմունք, որոնք դատաքննությանը հրավիրված էին, բայց այդպես էլ չներկայացան:
Հիշեցնենք նաեւ, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թփով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ