Լրահոս
Օրվա լրահոսը

Իթվինինգ ծրագրի 5-ամյակը Հայաստանում

Մայիս 16,2017 18:40

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում այսօր մեկնարկել է համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների,  Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս խիստ կարևորվում է էլեկտրոնային կրթությունը, որի ձևաչափի մեջ առկա է ակնառու հաջողություն:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված բոլոր ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, մասնակիցներին, ԿՏԱԿ-ին, մեր գործընկեր կառույցներին և ԵՄ գործընկերներին, որովհետև այս ծրագիրը մեծ հնարավորություններ է բացել մեր կրթական համակարգի համար: Մենք հնարավորություն ունենք մաս կազմել եվրոպական մտածողության և ունենալ լավագույն գործիքները, որ այսօր կիրառվում են աշխարհում: Մեր խնդիրը մեր տարածքի բազմազանության և մեր դպրոցների աշխարհագրության մեջ է: Այսօր ունենք հարյուրավոր դպրոցներ, որոնք ունեն փոքրաքանակ աշակերտություն և միակն են իրենց բնակավայրերում: Դրա համար պետք է փորձենք ունենալ մի ծրագիր, որով 20-30 աշակերտ ունեցող դպրոցներին ապահովենք ժամանակակից կրթությամբ: Եվ այլ ձևաչափ, քան էլեկտրոնային կրթությունն է, չկա: Սա ենթադրում է բավականին լուրջ, հետևողական աշխատանք:

Բացի Իթվինինգ ծրագրից, ունենք մենթոր դպրոցների համակարգ, շատ դպրոցներ իրենց նախաձեռնությամբ են աշխատում, և ներկայումս կարիք ունենք այս ամենն ամփոփել, ձևավորել  մեկ ամբողջական ուղղվածություն, որն իսկապես կմտնի մեր դպրոցների առօրյայի մեջ»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրն ուսուցիչների որակի հարցն է: «Սա բերում է մեր հաջորդ բարեփոխմանը՝ ուսուցիչների վերապատրաստումների գաղափարախոսության փոփոխությանը: Այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի բարեկամներին, որ բացեցին մեզ համար Իթվինինգ ծրագիրը և գնահատեցին մի քանի տարիների մեր լուրջ և հետևողական աշխատանքը:

Այն, որ այսօր Հայաստանը բացված է եվրոպական ընտանիքի համար, մեծագույն արժեք է մեզ համար: Այսօր որպես թիրախ` դրված է հասնել 800 դպրոցի, որը կբերի որակական փոփոխության մեր կրթական համակարգում: Եթե կարողանանք սա իրականացնել, ապա իսկապես կունենանք ժամանակակից, բոլորովին այլ հանրակրթական համակարգ: Ծրագիրն իրավամբ կարող է բանալի հանդիսանալ կրթության որակի հետ կապված շատ հիմնախնդիրներ լուծելու համար»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ծրագրի մասնակիցներին մաղթելով հաջողություն: Նախարարը շնորհակալագրեր է հանձնել մի շարք դպրոցների` Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր համագործակցության համար:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է 2013-2017թթ. ծրագրի ընթացքը, «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը, ինչպես նաև նախանշվել հետագա զարգացման հիմնական ուղղությունները։

Նշենք, որ 2013թ․ Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն ստացավ միանալու Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքին։ Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005թ․, որպես Կոմենիուս ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայումս Էրազմուս+ ծրագրի մաս է։ Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցման ծառայություններ։ Հայաստանում որպես աջակցող գործակալություն ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։ Մինչ այժմ տարբեր փուլերում Իթվինինգպլյուս Հայաստան ծրագրով միասնական համայնքում ներառվել են Հայաստանի 150-ից ավելի դպրոց և շուրջ 700 ուսուցիչ:

ՀՀ ԿԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031