Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստում այսօր մեղադրող դատախազը հրապարակեց մոտ տասնհինգ վկայի նախաքննական ցուցմունք:
Ըստ հրապարակված ցուցմունքների, Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարող Մովսես Ներսիսյանը 2014թ-ի փետրվարի 1-ին դուրս է եկել «Քինգ դելյուքս» ընկերության գրասենյակից, գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի, տան մոտ, հետո գնացել այլ ուղղությամբ: Վկաներից մեկի պատմելով, Մովսես Ներսիսյանի մեքենայում նշված օրը նկատել են երկու անձի: Ի դեպ, մեղադրյալ Իսրայել Սարգսյանը նկատեց, որ վկաները կոնկրետ չեն նշել, իրեն տեսել են, թե ոչ: Արթուր Սաֆարյանի հարևաններն էլ նախաքննական ցուցմունքում պատմել են, որ դեպքի օրն արթնացել են կրակոցների ձայներից:
Հրապարակվեց նաեւ Մովսես Ներսիսյանի նախկին կնոջ՝ Սուսաննա Հակոբյանի ցուցմունքը: Նրա պատմելով, ամուսնալուծությունից հետո ինքը տեղափոխվել է ՌԴ ու դրանից հետո մի քանի անգամ է հանդիպել նախկին ամուսնուն:
Տիկին Սուսաննայի խոսքով, ինքը որդուց է իմացել, որ նախկին ամուսինն անհետացել է:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ