Ադրբեջանի ԱԳՆ-ն սև «ցուցակում» է ներառել 4 բոլիվիացի պատգամավորների և 1 ուրուգվայցի իրավապաշտպանի`սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ այցելելոու համար, գրում է Asbarez-ը։
«Սև ցուցակում» ներառված ուրուգվայցի իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենան այս կապակցությամբ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ բողոքի դիմում է ներկայացրել Ուրուգվայի կանցլերին և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտին: «Հասկանում եմ, որ շատ մարդիկ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում Կովկասում և Լեռնային Ղարաբաղում՝ հայկական բնակչություն ունեցող երկրում, որը անկախացել է 25 տարի առաջ պատմության կամքով և ժողովրդի ընտրությամբ»,-ասել է իրավապաշտպանը:
Նա նաև շեշտել է, որ ժողովրդավարական, պետական կառուցվածք ունեցող Արցախում հարգում են մարդու իրավունքները, այստեղ գործում է ուղիղ ժողովրդավարության մեխանիզմ, որն աշխատում է: «Կա երկիր, որը աշխարհի ոչ մի երկրի կողմից ճանաչված չէ, բայց գոյություն ունի: Եվ կա Ադրբեջանը, որը հարձակվում է նրա վրա: Բնակչությունը վտանգի մեջ է գտնվում՝ դառնալով ռազմական հանցագործությունների զոհ: Հարյուրավոր միջազգային դիտորդներ, որոնց թվին պատկանում եմ նաև ես, հաստատել են այն, ինչ գրում եմ: Որպեսզի չճանաչենք այն անկախ պետություն, մեզ՝ որպես սպառնալիքի ձև, ներառում են «սև ցուցակում» »,-հավելել է Գոլդարասենան:
Իրավապաշտպանը հույս է հայտնել, Ուրուգվայը չի ընդունի «սև ցուցակների» պրակտիկան և կճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ