Մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Ուսանող-2017» մրցանակաբաշխություն և հանդիսավոր համերգ նվիրված Ուսանողների ու երիտասարդների օրվան և ԵՊՀ հիմնադրման 98-ամյակին:
Մայր բուհը հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին: Ուստի ԵՊՀ ուսանողական խորհուրդը տարիներ առաջ հանդես եկավ առաջարկությամբ մայիսի 16-ը Հայաստանում նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, ինչը դրական արձագանք գտավ ՀՀ կառավարությունում:
Տոնական համերգին համալսարանականներին ողջունեց ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա կարևորեց ուսանողության ակտիվ մասնակցությունը երկրի կառավարման գործընթացում, հասարակական, քաղաքական, գիտության և այլն ոլորտներում:
Ուսանողաի օրվա կապակցությամբ ԵՊՀ-ում ընտրեցին նաև լավագույն ուսանողներին: ԵՊՀ ուսանողական խորհուրդն ավանդաբար կազմակերպում է տարվա ուսանող մրցանակաբաշխությունը, որի հիմնական նպատակն է խրախուսել ուսանողների ակտիվ մասնակցությունը ներհամալսարանական ուսանողական կառույցներում, ինչպես նաև նրանց բարձր առաջադիմությունը: Այս անգամ էլ նախապես մշակված չափորոշիչների հիման վրա ընտրվեց յուրաքանչյուր ֆակուլտետի լավագույն ուսանողը: Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով, ՈւԽ արծաթե մեդալով և հուշանվերով:
Նշենք, որ Ուսանողների ու երիտասարդների օրվան նվիրված տոնական միջոցառումը Մայր բուհում կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և բուհի ուսանողական խորհուրդը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն