«Այսօր սպասվելիք Թրամփ-Էրդողան հանդիպումից փոփոխություններ սպասելն իրատեսական չէ»,-կարծում է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Միեւնույնն է, ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում ունի իր հստակ քաղաքականությունը եւ շարունակելու է զինել Սիրիայի քրդերին, քանզի վերջիններս ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ մյուս գերտերությունների ձեռքում հզոր գործիք են՝ իրենց նպատակների իրականացման հարցում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Խուդավերդյանը:
Հիշեցնենք, որ օրերս Թրամփը կայացրել էր Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին զինելու մասին որոշում, ինչն առաջացրել է Թուրքիայի զայրույթը:
«ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը Մերձավոր Արեւելքում միայն քրդերի հարցում չեն բախվում, ինչը Թուրքիային ստիպում է ավելի անկախ քաղաքականություն վարել Արեւմուտքի հետ՝ հիմնվելով սեփական շահերի վրա. սա ԱՄՆ քաղաքական շրջանակների զայրույթն է առաջացնում»,-նկատեց մեր զրուցակիցը:
Խուդավերդյանի բնորոշմամբ՝ պետք չէ նաեւ ակնկալել, որ Թուրքիայի համար մյուս կարեւոր հարցում՝ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու առնչությամբ Էրդողանը հաջողություն կունենա Թրամփի հետ հանդիպումից:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի երեկվա հայտարարությանը, թե ինքն է ԻՊ-ի առաջնային թիրախը եւ որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին զինելու թեզն Օբամային էր պատկանում, թուրքագետի խոսքով. «Թեեւ ԱՄՆ-ն նախագահ է փոխել, արտաքին քաղաքականությունը չի փոփոխվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ