Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ պաշտպանական կողմի միջնորդությամբ: Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի պաշտպանը դատարանին նամակով միջնորդել էր նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, որ վերջերս է վիրահատվել ու ապաքինման խնդիր ունի: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի քսաներեքին:
Aravot.am-ը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ Նարեկ Խաչատրյանի (լուսանկարում) պաշտպանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությամբ, մեղադրյալին պատժից փրկելու փորձ էր արվում:
Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:
Էլբակյանը միջնորդությամբ առաջարկում էր փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը՝ Ն.Խաչատրյանը տառապո՞ւմ է որևէ հիվանդությամբ, եթե այո՝ երբվանի՞ց, ինչպիսի՞ վարքային խախտումներ են բնորոշ, առկա՞ են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ:
Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու իր միջնորդությամբ նոր հարցադրումներ են արվել, որոնք նախորդ փորձաքննության ժամանակ չեն առաջադրվել: Մասնավորապես, հիվանդությունը, որով տառապում է իր պաշտպանյալը՝ հետտրավմատիկ էնցեֆալոպաթիան դասվո՞ւմ է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին, թե՞ ոչ:
«Ես գտնում եմ՝ ապացույցները բավարար են, որ կայացվի մեղադրող ակտ: Բայց այն, որ Նարեկ Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում, բայց միաժամանակ միջնորդություն է ներկայացվում դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, պարզելու, թե արդյոք կարող է հետագայում պատիժ կրել, թե՝ ոչ՝, չեմ կարողանում հասկանալ: Եթե քեզ մեղավոր չես ճանաչում, ինչու ես միջնորդում, որ պարզեն՝ հետագայում պատժի կրելու հարցը հնարավո՞ր է քո առողջական վիճակով, թե՞՝ ոչ: Եթե չես արել, չես ընդունում, էլ այդ միջնորդությունն ինչո՞ւ ես անում: Պահեստային ինչ-որ բա՞ն են ուզում ձեռքի տակ ունենալ՝ դե եթե մեղադրանքը չեմ ընդունում, բայց կապացուցեն, որ հանցագործություն եմ արել, գոնե այդ ձեւով փորձեմ խույս տա՞լ պատասխանատվությունից, հայտնվել ազատության մե՞ջ»,- մեր հարցին այսպես պատասխանեց Վաղարշակ Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ