Շիրակի մարզպետարանը հայտնվել է տարբեր դատական պրոցեսների մեջ։ Բանն այն է, որ դեռևս 2012 թվականից, երբ մարզպետը Աշոտ Գիզիրյանն էր, կառավարությունը գյուղացիներին օգնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի տարբեր գյուղերի բնակիչների պայմանագրային հիմունքներով էլիտար սերմեր է տրամադրել, որպեսզի որակյալ ցորեն ստանան, նրանք էլ ցանել, եկամուտ են ստացել, սակայն մոռացել են պարտքը վերադարձնելու մասին։
Գյուղացիները նույն կերպ վարվել են նաև Ֆելիքս Ցոլակյանի օրոք, իսկ ահա դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կառավարման ժամանակաշրջանում սերմերի գործակալությունն այլևս չի լռել․դատի է տվել մարզպետարանին որպես միջնորդ կառույցի՝ պահանջելով վճարել 2012 թվականից մինչև օրս գոյացած 100 միլիոն դրամ պարտքը։
Պարտք ունեցող համայնքների թիվն էլ 49-ն է։ Ընդ որում` համայնքներ կան, որոնց պարտքը հասնում է մինչև 10 միլիոն դրամի։ Շիրակի մարզպետարանն էլ իր հերթին դատի է տվել համայնքներին՝ այդ գումարը գանձելու նպատակով։
Aravot.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը։ Գյուղվարչության պետի ասելով, նման պարտքեր կուտակելն անբարոյականություն է, քանի որ միայն 2016 թվականին մարզի կտրվածքով ստացել են 32 ցենտներ բերք․ ո՛չ երաշտ է եղել, ոչ կարկտահարություն, որ գյուղացին տուժեր ու չկարողանար սերմնացուի համար պարտք մնացած գումարը վճարել։
«Ցորենը հանձնվել է մարզպետարաններին, մարզպետարանները հանձնել են համայնքներին, համայնքներն էլ շահառուներին, որոնց հետ պայմանագիր են կնքել, որ ասենք դիցուք՝ շահառուն ստացել է 100 կիլոգրամ ցորեն, պարտավոր է պետությանը վերադարձնել 16 հազար դրամ։ Պայմանագրային հիմունքներով պայմանը եղել է մեկ տարվա ընթացքում գումարը հավաքագրել։
Մինչև 2015 թվականը գոյացած պարտքերը մենք դատական կարգով ենք լուծում տալու։ Հիմնական պարտքը մեզ մոտ գոյացել է մինչև 2014 թվականը, իսկ 2015 թվականի գումարները հավաքագրումը ճիշտ է՝ ուշացել է, բայց պարբերաբար մուծումներ են կատարվում համայնքների կողմից։ 2015 թվականի պարտքերի հավաքագրումը բուռն կերպով ընթանում է, հավաքագրվում է, եթե ինչ-որ համայնք 2015 թվականի պարտքը չվճարեց, նույն կերպ կվարվենք 2015 թվականին պարտք ունեցող համայնքների հետ։ Ամեն մի համայնքի համար ունենք սերմերի գործակալությունից տրված տեղեկատվություն․ 2012 թվականին 10 համայնքներ ունեն պարտք, պարտքը կազմում է մոտ 4 միլիոն դրամ։ 2013 թվականին դարձյալ մոտ 10 համայնքներ կան պարտք ունեցող, պարտքը կազմում է 3 միլիոն 900 հազար դրամ, 2013-2014 թվականներին 6-7 համայնքներ են պարտք մնացել, որոնց պարտքը կազմում է համար 7 միլիոն 650 հազար դրամ, 2014-2015 թվականներին 22 համայնքներ են պարտք մնացել՝ 46 միլիոն դրամ։ 2015 թվականի ծրագրերից օգտվող համայնքների որոշ մասը փակել են, որոշ մասը՝ մոտ 40 համայնքներ այս պահի դրությամբ ունեն պարտք, որը կազմում է 60 միլիոն դրամ», -ներկայացրեց Մովսես Մանուկյանը։
Ըստ Մովսես Մանուկյանի, եթե գումարները չհավաքագրվեն, սարսափելի վատ հետևանքներ կլինեն․ կձախողվի 2017 թվականի սերմնաբուծության ծրագիրը, ինչպես ձախողվել էր 2016 թվականինը ։ «Եթե մենք այս տարի չկարողացանք էս գումարների հավաքագրումն ավարտել, խնդիր կառաջանա 2017 թվականի սերմնաբուծության ու սերմնարտադրության ծրագրի ձախողման հետ կապված։ Իսկ այն, որ նախորդ տարի 6-7 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանկ պակաս ենք կատարել, բերքի պակաս լինելը կբերի թանկացման։ Մեզ համար ամենացավոտը կլինի հացի արտադրության պակասությունը, իսկ գնային սանդղակը կտրուկ կաճի, որը ոչ միայն ազդելու է գյուղացիական տնտեսությունների վրա, այլ ստրատեգիական խնդիր է»,- ասում է մարզպետարանի պաշտոնյան։
Մովսես Մանուկյանը չի բացառում, որ Շիրակի մարզպետարանը կդիմի իրավապահներին, եթե ասենք դատարանում պարզվի, որ որևէ համայնքում գումարների հավաքագրում կատարվել է, սակայն մուծում չի եղել։
Ամենամեծ պարտքեր ունեցող համայնքներն են՝ Լուսաղբյուր համայնքը՝ 7 միլիոն դրամ, Հայկաձորը՝ 17 միլիոն դրամ, Իսահակյանը՝ 11 միլիոն դրամ։
Նշենք, որ եթե մարզպետարանը չկարողանա հավաքագրել պարտքը, ապա հնարավոր է և կալանք դրվի մարզպետարանի հաշիվների վրա, աշխատակիցները զրկվեն աշխատավարձ ստանալու հնարավորությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ