Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց

Մայիս 16,2017 16:41

2017 թ. մայիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ և ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2%՝ գերազանցելով ԿԲ կանխատեսումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կշարունակի վերականգնվել՝ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալում է միայն չափավոր գնաճային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. առաջին եռամսյակի արդյունքներով դիտվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների և առևտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին իրականացրած խթանող դրամավարկային քաղաքականությունը շարունակում է նպաստել ներքին պահանջարկի վերականգնմանը: Արդյունքում, սպասվում է, որ գնաճն արդեն 2017 թ-ին կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ գնաճային ռիսկերն այս պահին հիմնականում հավասարակշռված են, որի պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները:

Այնուամենայնիվ, գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները՝ համապատասխանաբար 7.5% և 4.5%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. մայիսի 26-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031