Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2017 թ. ապրիլի 18-ին տեղեկության գրավոր հարցում է հղել ՀՀ բնապահպանության նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վ.Գուլանյանին, կամենալով ստանալ մի շարք տեղեկություններ (հարցման օրինակը տեսեք այս հայտարարությանը կից):
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վ.Գուլանյանը հարցումը, ըստ ստորագրված ծանուցագրի, ստացել է 2017 թվականի ապրիլի 25-ին, սակայն պատասխանն ուղարկել է 2017 թ. մայիսի 10-ին, ինչով խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պատասխանի հնգօրյա ժամկետը:
Բացի այդ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վ.Գուլանյանը հարցմանը չի պատասխանել ըստ էության եւ հարցված տեղեկությունները օրենքով սահմանված կարգով տրամադրելու կամ մերժելու փոխարեն, իր գրավոր պատասխանում, պատճառաբանելով հարցված տեղեկությունների ծավալը, առաջարկում է հարցված տվյալներին ծանոթանալ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում: Այս պատասխանը հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին: ՊՈԱԿ տնօրենը, այսպիսով խախտել է անձի տեղեկություն ստանալու իրավունքը, անհարկի ձգձգելով եւ փաստացի չտրամադրելով տեղեկությունը այն որոնողին:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դիմելով ՀՀ բնապահպանությանն նախարարին, կոչ է անում կարգի հրավիրել ՊՈԱԿ տնօրենին, իրավաբանական խորհրդատվություն իրականացնել վերջինիս համար, պարտավորեցնել պատշաճ պատասխանել հարցմանը եւ տրամադրել հարցված տեղեկությունները:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դիմում է նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենին, պահանջելով կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները եւ տրամադրել հարցված տեղեկությունները:
Հարցման բովանդակությունը.
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ.Գուլանյան
Հասցե. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սեւան, Նաիրյան փ., 178
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանից
Հասցե. Հայաստան, 3102, Գյումրի, Պուշկինի փ., 96
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-1/2017
Թվագրված` 18 ապրիլի, 2017 թ.
Հարգելի պարոն Գուլանյան,
Առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Սեւանա լճի ափամերձ տարածքի բոլոր ապօրինի շինությունների եւ զբաղեցրած հողատարածքների գտնվելու վայրը եւ չափսերը, ինչպես նաեւ դրանց սեփականատերերի ցանկը:
2. Սեւանա լճի ափամերձ տարածքի օրինական վարձակալությամբ տրված բոլոր տարածքների մասին տեղեկություններ. վարձակալը, վարձակալական ժամկետը, վարձավճարը, տարածքի գտնվելու ճշգրիտ վայրը եւ չափսերը:
Հնարավորության դեպքերում խնդրում եմ հարցրածս տեղեկությունները տրամադրել ինձ էլեկտրոնային տարբերակով, դրանք ուղարկելով իմ [email protected] հասցեին:
Տեղեկություններ հարցնող` Լեւոն Բարսեղյան