Ընտրություններն անարդար էին, քանի որ արդար ընտրության դեպքում իշխանության ուժը ներկայացնող թեկնածուն չէր ընտրվի: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Չի կարող արդար ընտրություններ լինել նորմալ հասարակության մեջ, որտեղ հաղթողը լինի ամենաքննադատված, կոռուպցիայի եւ թալանի համար մեղադրվող, ներքին քաղաքականություն տապալող ուժի ներկայացուցիչը, այն էլ 70 %-ը: Սա ընդունում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը»,-ասաց հոգեբանը:
Ըստ նրա, բայց ավելի կարևոր է այն վերաբերմունքը՝ անարդարության նկատմամբ, որ կա մեր հասարակությունում, եւ այդ վերաբերմունքն է որոշում, ախտորոշում տվյալ հասարակությունը. «Այսինքն՝ տվյալ վերաբերմունքը հիմք է տալիս ասելու՝ մեր հասարակությունն իսկապես հիվանդ է: Կան առողջ ուժեր՝ մոտ՝ 30% -ն է, կան այդ հիվանդություններն առաջ բերող, հարուցիչ ուժեր, դա բոլորս գիտենք՝ իշխանությունն է, եւ անտարբերների մի ստվար զանգված: Հոգեբանության մեջ կա մի բան՝ պետք է առողջ հատվածի վրա շեշտը դնես, որ բուժես, այսօր այդ բուժման ելքը ես չեմ տեսնում: Ոչ մի ընդդիմություն չի կարող մեզ մոտ հաղթել, քանի դեռ բոլոր ուժային կառույցները սատար են կանգնած այդ հիվանդությունը հարուցող ուժին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Խուդոյանի դիտարկմամբ՝ սոցցանցերի վերլուծությամբ, ժողովրդի 100%-ը դեմ է. «Տարոն Մարգարյանը հայտնի չէ, որպես խիստ բացասական կերպար, կամ դրական: Նա սովորական ՀՀԿ-ական է, բայց նույնիսկ այս մարդը այս գործընթացում իր վրա վերցրեց այնպիսի մի թույն, այնպիսի քննադատություններ, որ մինչ այդ չկար: Բայց վերջում տեսանք, որ անցավ այդ ուժը եւ դա պայմանավորված է ընդհանուր անարդարությամբ կամ հասարակության հիվանդությամբ եւ որեւէ հույս չի էլ երեւում այս խավարում»:
Հոգեբանն ասաց, որ հասարակության առողջ հատվածը ընդդիմությունն է եւ այս առումով ամենաառողջ դրսեւորումը Զարուհի Փոստանջյանի պահվածքում էր. «Ես նրան կհամարեմ առաջին հայրենասերը եւ ամենաարդար, ամենահերոս մարդկանցից մեկը: Նա ինքնակործանման է գնում հանուն մեզ: Չնայած, ես ընդդիմությանը բաժանում եմ հուզական եւ տրամաբանական ընդդիմության: Զարուհի Փոստանջյանը հուզական ընդդիմությունն է եւ բետոնե պատը ճակատով ջարդելու սկզբունքով է գնում: Իսկ «Ելքը» գնում է՝ «Մեկ է, չենք կարող անել, եկեք ինչքան կարող ենք՝ պոկենք» սկզբունքով, զգալով, որ ուժային կառույցների դեմ դուրս չի կարող գալ: Սովետական շրջանից եկած է՝ մարդկանց մեծ մասը անարդարության հանդեպ անտարբեր է: Հիմնական արժեքը՝ նստեն պաշտոնին՝ թալանեն, ոչ մի Նժդեհ, ոչ մի բան»:
Aravot.am-ի այն հարցին՝ եթե Փոստանջյանը ամենահայրենասերն է, ապա ինչո՞ւ «Ելքից» քիչ ձայն հավաքեց, ի վերջո ոչ մի գաղափարական բանավեճ չեղավ, հոգեբանը պատասխանեց. «Հասարակությունը երբեք հուզական ընդդիմությանը ձայն չի տա: Այնտեղ էմոցիաներ էին, այնտեղ ոչ մի հիմնավորում չկար: «Ելքը» բավական տրամաբանական շեշտադրումներով էր, չեմ ասի շատ որակով էր, բայց Փաշինյանի անձի հետ էլ էր կապված: Ընտրարշավով մի գնահատեք. Եթե այդպես վերցնենք, ամենաանհաջողը Տարոն Մարգարյանինն էր՝ ոչ հռետոր: Մի «տրյուկ» էին արել, վերցրել էին, որպես ավագանու անդամ, հեղինակավոր մարդկանց ՝ Լպուտյան, Իգիթյան, «Սինոփսիսի» տնօրեն: Նրանք պետք է մտածեն՝ իրենց վարկանիշի վրա կազդի սա »:
Մանրամասն՝ տեսանյութում
Մեր այն հարցին էլ՝ թե ինչո՞ւ ընտրությունների մասնակցության տոկոսը քիչ էր, մարդիկ անհո՞ւյս են, անտարբե՞ր, հոգեբանը պատասխանեց, որ շատերն անտարբեր են. «Բայց մի մասն էլ կարծում է՝ ինչ էլ անենք, անցնելու են: Մյուս պատճառը՝ որեւէ թեկնածուի չէին ուզում ընտրել»:
Ինչ վերաբերում է ընտրակաշառք վերցնողների հոգեբանությանը, պարոն Խուդոյանն ասաց. «Ընտրակաշառք տալը մարդուն ոչնչացնել է: Ընտրակաշառք տվողներն ու վերցնողները բարոյապես հիվանդ մարդիկ են:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ