Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարժի այդ գնով ձեռք բերած մանդատը չվերցնել». Զարուհի Փոստանջյանի մասին

Մայիս 16,2017 16:10

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ցավով արձանագրեց, որ այդպես էլ չենք կարողանում ազատ, արդար ընտրություններ իրականացնել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություններից բացի, պարոն Պողոսյանը փաստեց, որ Երևանի ավագանիում ընդդիմությունը բարելավել է դիրքերը. «Նախկինում ունեինք 7 հոգի ընդդիմությունից, հիմա 19-ն են»:

Թևան Պողոսյանի համար անընդունելի է այն, որ ընտրություններում լուրջ գործոն է ընտրակաշառքը: Նա, նկատի ունենալով ՀՀ իշխանություններին, ասաց. «Ունեն գրեթե ամեն ինչ, բայց միևնույն է՝ ընտրակաշառքով են գալիս իշխանության»:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի համար անընդունելի է այն, որ Երևանի ավագանու ընտրությունները դառնում են քաղաքական, քանի որ դրանք իրականում մունիցիպալ ընտրություններ են: Անուշ Սեդրակյանը պահանջում է, որ անցյալի անօրինականությունների համար համապատասխան անձինք պատասխանատվություն կրեն, հետո ավագանին լծվի նոր գործերի:

Անդրադառնալով ավագանու ընտրությունների ընթացքում գրանցված բռնություններին` տիկին Սեդրակյանն ասաց, թե զարմանում է իշխանական կամակատարների պրիմիտիվության վրա. «Այսպես, թե այնպես ընտրություններում իրենց մոտ հաղթանակն ապահովված է շնորհիվ նրա, որ մեր ընտրողների հիմնական մասը կաշառքով, թե թողտվությամբ քվեարկում է իշխանությանը, ուստի ստեղծել նման խայտառակ դրվագներ, որ մեկ, երկու կամ տասն ընտրող ավել ընտրի, դա անհեռատեսություն է»:

Թևան Պողոսյանը ևս դատապարտեց Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը և նրա դստերը մաղթեց առողջություն: Այնուհետև դատապարտեց նաև լրագրողների նկատմամբ բռնությունները և պահանջեց, որ բոլոր այդ դեպքերի մեղավորները խստագույնս պատժվեն:

Պարոն Պողոսյանի կարծիքով` ընդդիմադիր ուժերն ավագանու ընտրություններում լավ արդյունք են գրանցել. բարելավել են ցուցանիշները: Տիկին Սեդրակյանը փաստեց, թե կային նաև օբյեկտիվ պայմաններ, օրինակ` ԲՀԿ-ն չէր մասնակցում պայքարին: Թևան Պողոսյանն արձագանքեց, թե կարծես ՀՀԿ-ն էլ չի կարողացել ԲՀԿ-ի ձայները տանել:

Ըստ քաղաքական գործչի` Զարուհի Փոստանջյանի տեսակը ավագանիում հետաքրքիր կլինի, իսկ Անուշ Սեդրակյանը համոզված է, որ այդ գնով վերցրած մանդատը պետք է պահել: Ըստ նրա, եթե Զարուհի Փոստանջյանը մանդատը վայր դնի, դա կլինի ապաակտիվացման ճանապարհ, որը ոչինչ չի տա ոչ Զարուհի Փոստանջյանին, ոչ քաղաքին: Իսկ ավագանիում աշխատելը իր նորաստեղծ կուսակցությունն ապրեցնելու լավագույն միջոց է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031