«Հակառակորդի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, դա հերթական քարոզչական հայտարարությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը, թե «ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ զորքերի դուրսբերումը՝ խաղաղության փոխարեն, կամ տարածքներ՝ խաղաղության փոխարեն, հնարավոր է», ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա գնահատմամբ՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները փակուղում են. «Իրականում քննարկում են ոչ թե զորքերի դուրսբերման կամ այլ հարց, այլ վստահության եւ վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցը, որն Ադրբեջանը տապալել է: Քանի դեռ այդ հարցում Ադրբեջանի կողմից փոփոխություն չկա, առհասարակ՝ փոփոխության ակնկալիք չկա»:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը դիմադրում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, քանի որ հասկանում է՝ դրանք կյանքի կոչելու դեպքում ինքը կզրկվի սպառնալիքների եւ շփման գծում միջադեպերի հնարավորությունից:
Անդրադառնալով սահմանային վերջին միջադեպին, երբ ադրբեջանական կողմը վնասել է հայկական կողմի մեկ միավոր զինտեխնիկան, Սերգեյ Մինասյանն ասաց, որ նման սադրանքները կարող են իրավիճակի սրում ենթադրել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ