Այսօր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասաց, որ զինվորական մի քանի հոսպիտալներ կմիավորվեն քաղաքացիական հիվանդանոցներին: Ըստ նրա, խոսքը Բերդ քաղաքի եւ Վարդենիսի հոսպիտալների մասին է: Հոսպիտալների օպտիմալացումը նախարարը բացատրեց առավել արդյունավետ ծառայություն մատուցելով:
Նա ներկայացրեց, թե յոթ ամիսների ընթացքում ինչպիսի բարեփոխումներ են նախատեսում:
Լեւոն Ալթունյանն ասաց, որ հեպատիտ Ց-ով մոտ 1000 հիվանդ ժամանակակից մեթոդներով ու դեղորայքով բուժում կստանա: Այդ հիվանդությունով այսօր մեր երկրում 2500 քաղաքացի կա:
Շուրջ 3000 քաղաքացու էլ կատարակտի դեմ վիրահատություն կարվի:
Պացիենտ-բժիշկ-բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագած վեճերի արագ ու արդյունավետ քննության համար Հայաստանում կներդրվի Բժշկական հաշտարարի ինստիտուտը:
Նախարարը նաեւ հայտնեց, որ առաջադեմ երկրների օրինակով թարգմանվում եւ ներդրվում են կլինիկական ուղեցույցներ եւ պացիենտի վարման գործելակարգեր:
Ասուլիսին ներկա առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի խոսքով, աստիճանաբար կներդրվի բժշկական ապահովագրությունը: Փոխնախարարն ասաց, որ քաղաքացին ապահովագրական միջոցներով կարող է դիմել իր նախընտրած բուժհիմնարկ բուժօգնություն ստանալու եւ որտեղ որ նա դիմի, գումարն ուղղվելու այնտեղ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ