Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլիներ, եթե Շարմազանովը կամ Աշոտյանը մտնեին «Երկիր ծիրանիի» գրասենյակ

Մայիս 16,2017 15:12

«Եթե Շարմազանովը կամ Աշոտյանը մտնեին «Երկիր ծիրանիի» գրասենյակ եւ նման գործողություններ կատարեին, իրենց նման ձեւո՞վ էին դուրս բերելու: Իհարկե`ոչ, վստահ եմ`ոչ»,- այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածին՝ ասաց  Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանն իրավիճակը գնահատում է խիստ բացասական: «Ամեն անգամ կարծում ենք, որ մեր ոստիկանությունը ավելին անել չի կարող, բայց ամեն անգամ անում են ավելին»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանության նման արձագանքը, իր սպասելիք շեմից էլ ավելին էր: Իրավապաշտպանը չի պատկերացնում, թե ինչպե՞ս են սա փորձելու արդարացնել: Կարեւորը, ըստ նրա, սեռը, կին լինելը չէ, այլ փաստը, որ պատգամավորին, քաղաքապետի թեկնածուին կարելի է բռնության ենթարկել:

Անդրադառնալով ՀՀԿ-ից հնչող այն դիտարկումներին, որ դա հանրային տարածք չէ, որ Զարուհի Փոստանջյանն իրավունք չուներ նման բան անել, իրավապաշտպանն ասում է, որ տարածքում Զարուհի Փոստանջյանը մենակ չի եղել, տարածքը եղել է բաց, ելումուտ է եղել: Եթե ներխուժեր, փորձեր դուռը կոտրել, այլ հարց, բայց ահազանգ է եղել, նա գնացել է ահազանգի ետեւից ու ապօրինի գործողություն չի արել:

«Այս հանգամանքը մեկ անգամ էլ ապացուցեց, որ ապահով Հայաստան չկա անգամ անձեռնմխելի անձի համար»,- ասաց նա։

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Գոհար Արշակյանը տարակուսում է` ոստիկանները, փոխանակ ստուգեին Զարուհի Փոստանջյանի հայտարարած փաստերի իսկությունը, բռնություն են գործադրում նրա նկատմամբ. «Զարուհին ինքն է ոստիկանություն կանչել, թող գային, ստուգեին արձագանքը: Ինչի էին ցրում, այլ ուղղություն տալիս:  Երկու ոստիկան դուրս եկան, զանգեցին`խոսեցին, նոր սկսեցին Զարուհու նկատմամբ բռնություններ կիրառել»:

Գոհար Արշակյանը տեղեկացրեց նաեւ, Զարուհի Փոստանջյանի դստերն այսօր ստուգել են. «բժիշկները լավ բաներ չեն ասում»։

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ հաստատում է` չկա շտաբի տարածք մուտք գործելու որեւէ իրավական, օրենսդրական սահմանափակում. «Նույն տրամաբանությամբ, օրվա ընթացքում հարյուր-հազարավոր մարդիկ շտաբներ են ելումուտ արել, բայց ոչ ոքի չեն հարցրել`դուք մեր համակի՞րն եք, թե` ոչ»:

Դեպքից անմիջապես հետո դատախազության, ԿԸՀ նախագահի արձագանքը, ըստ փաստաբանի, գործի հետագա ընթացքի կանխորոշում էր: Հիշեցնենք, դատախազությունն իրավաչափ էր որակել ոստիկանության կատարած աշխատանքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031