Որոշ բաներ երբեք չեն փոխվում: Այդ «բաների» շարքում է նաեւ իրավապահների պահվածքն ընտրություններից հետո, երբ հարցումներով հեղեղում են լրատվամիջոցները պնդումների վերաբերյալ, որոնք իրականում արվել են մամուլի ասուլիսներում կամ հրապարակվել են ԶԼՄ-ում՝ որեւէ կազմակերպության հաղորդագրությունը զետեղելու հետեւանքով:
Ահա այս անգամ էլ «Հովո Հալաբյան» էլեկտրոնային հասցեից ստացել ենք նամակ, որին կցված է ոստիկանության ձեւաթղթի վրա հետեւյալ ծանուցումը. «Հայտնվում է Ձեզ, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում 14.05.2017թ. ժամը 18.46–ին www. Aravot.am կայքում հրապարակված «Ժամը 08.00-ից մինչև 19:00-ը ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները եւ գործողությունները», մասնավորապես, թիվ 7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը, վերտառությամբ հրապարակման կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:
Խնդրվում է Ձեզ հնարավորինս սեղմ ժամկետում ոստիկանության Մալաթիայի բաժին տրամադրել վերոգրյալ հրապարակման աղբյուրը, ինչպես նաև Ձեր կողմից լիազորված անձի՝ նշված հրապարակման փաստով պարզաբանումներ տալու համար:
Կանխավ շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքով՝
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ,
ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալլաբյան»
Նույն հրապարակման վերաբերյալ նաեւ ոստիկանություն Նոր Նորքի բաժնից ենք հարցում ստացել:
Փորձեք երեք անգամից գուշակել, որն է աղբյուրը այն հրապարակման, որի վերնագրում իսկ նշված է՝ «Ելք» դաշինքի, ու ներքեւում էլ նշում կա, թե դա հաղորդագրություն է:
Մինչ իրավապահները գլուխ կջարդեն այս հարցի պատասխանը գտնելու համար՝ նշենք նաեւ, որ մինչ օրս նրանք այդպես էլ չեն արձագանքել, ու ոչ մի գրություն չենք ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանի՝ մեր թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքների եւ վիրավորանքների առնչությամբ քննություն սկսելու վերաբերյալ:
Փոխարենը նույն Հովո Հալաբյան հասցեից մեկ այլ գրություն ենք ստացել, որով խնդրում են բացահայտել Արայիկ Գեւորգյանի վերաբերյալ մեկ այլ հրապարակման աղբյուր, որով նա սպառնացել էր գործից հանել տալ «Առավոտի» թղթակցին:
Մի կողմ թողնենք, որ բոլոր այս հրապարակումներին կից ներկայացված են տեսագրություններ, եւ առանձնապես պարզաբանում տալու խնդիր էլ չկա: Բայց նաեւ զավեշտ էր հայտնագործելը, թե «մռութդ կջարդեմ», «թուլա» ու նման բաներ ասելը հետապնդման ենթակա չէ, բայց այ աշխատանքից ազատելու սպառնալիքն արդեն լուրջ է: