Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների վրա ազդել է ընտրակաշառքը։ «Եթե հիմա մենք հետընտրական պրոցես սկսենք, այդ ընտրակաշառք վերցրած քաղաքացին գալո՞ւ է Ազատության հրապարակ: Եթե իրեն 10 հազար դրամով տարել են ընտրական տեղամաս, 10 հազար դրամով էլ հետ կտանեն իրենց տուն։ Կամ էն քաղաքացին, որը չի գնացել ընտրության, գալո՞ւ ա հրապարակ։ Եթե հետընտրական պրոցես էր ուզում, թող գար քվեարկեր, չէր լինի հետընտրական, կլիներ ընտրական պրոցես, իր ուզած փոփոխությունը կլիներ, այսօրվա ասուլիսն էլ քաղաքապետարանում կլիներ»,- հայտարարել է Փաշինյանը։
Փաստորեն, «Ելքի» առաջնորդն անուղղակի ընդունել է նաև, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ արված իրենց հայտարարությունը ընտրակաշառք վերցնող ընտրողի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունից առաջ «Ելքը» ընտրակաշառք վերցնող մարդկանց առաջարկում էր ՀՀԿ-ից չվերցնել այն, ընտրությունից հետո, քաղաքապետարանի բյուջեի հաշվին, որպես սոցիալական աջակցություն նրանց 15000 դրամ կտան։
Փաստորեն, մարդիկ ոչ թե «ապառիկ» ընտրակաշառքին են վստահել, այլ «նաղդին», ոչինչ, որ հինգ հազար դրամով պակաս կլինի։ Այսինքն, «Ելքի» նախընտրական այս հնարքը ձախողվեց, մարդիկ չվստահեցին այդ խոստմանը, հասկացան, որ ընտրակաշառքը նման մեխանիզմներով չեն վերացնում։
Ի վերջո, ընտրակաշառք վերցնող մարդկանց համար ի՞նչ տարբերություն՝ ՀՀԿ-ի՞ց է կաշառք վերցնում, թե՞ «Ելքից»։ Գործող իշխանությունից վերցնելը գուցե առավել «ընդունելի» է մարդկանց համար՝ «Մեզնից վերցրածը մեզ են վերադարձնում» տրամաբանությամբ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում