ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանում մայիսի 14-ին տեղի ունեցած ավազային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է:
2017թ. մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:25-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարաններից մեկում կատարվել է ավազակային հարձակում. առերևույթ հանցագործություն կատարած անձը, որպես զենք օգտագործվող սուր կտրող գործիքով, բռնություն գործադրելու սպառնալիքով, բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող տղամարդուց պահանջել է գումար և արժեքավոր իրեր։ Ապա պոկել է վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, սեղանի վրայից վերցրել բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, կանխիկ գումար և դիմել փախուստի:
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, մշակվել քննչական պլան, և իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Կասկածյալը մայիսի 15-ին ձերբակալվել է։
Նրա բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը՝ մեկ դյուրակիր համակարգիչը և բջջային հեռախոսը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե