«Ժողովուրդ» օրաթերթը 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ զրուցել է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների եւ քաղաքական դաշտում ընթացող այլ իրադարձությունների մասին։
– Պարոն Արսենյան, նախ անդրադառնանք քաղաքական կյանքում տեղի ունեցած ամենաթարմ իրադարձությանը, սպասո՞ւմ էիք, որ Երեւանի ավագանու ընտրություններում այսպիսի արդյունք կլինի։
– Զարմանալու ոչինչ չկա, սա է մեր երկրի վիճակը՝ վատ իշխանությանը աջակցող քաղաքացիներ։
– Այնուամենայնիվ, որպես երեւանցի՝ արդյունավե՞տ եք համարում Տարոն Մարգարյանի 6 տարվա գործունեությունը։
– Տարոն Մարգարյանի գործունեությունը չի կարող էական ազդեցություն ունենալ քաղաքի կենսապահովման վրա մի պարզ պատճառով. փողոցները նեղ են, մեքենաները շատ են, օդը աղտոտված է, կայանատեղերը անհարմար են, տրանսպորտային իրավիճակը շուտով կդառնա օրհասական, սա ակնհայտ է, չէ՞, հիմա ինչ քաղաքապետ ուզում ես եղիր՝ լավ, թե վատ, այս խնդիրները չես կարող լուծել։
– Բայց, օրինակ, «Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրաձայնում էին, որ Տարոն Մարգարյանի հուսահատության վերելակներից եւ մահվան գազելներից ելք կա։
– Դե, բոլորն էլ ասում են։ Ինչպե՞ս են անելու՝ նեղ փողոցներ, ավելի շատ տրանսպորտ, քան կարելի էր ունենալ, դա քաղաքային իշխանության խնդիրը չէ, ավելի շատ մաթեմատիկական խնդիր է դարձել, որը լուծում չունի այս պահին, չպետք է այսքան տրանսպորտային միջոցների առատություն լիներ Երեւանում։
Երեւանը ենթարկվեց որոշակի ոտնձգության, եւ այդ գազաֆիկացիոն խողովակներն անցկացվեցին արտաքին տարածքով։ Ամենակարեւոր հարցերից մեկը օդի խնդիրն է՝ Երեւանում օդ ենք շնչում, որն ինձ թվում է՝ թույլատրված նորմայից տասն անգամ աղտոտված է, ցուցանիշները չեն հրապարակում, բայց ես այդպիսի տպավորություն ունեմ։ Նպատակը քաղաքացիներից գումարներ գանձելն է, քաղաքացիների սեփականությունն իրենցով անելը, մարդկանց իրավունքները ոտնահարելը, մարդկանց իրավազրկելը, որպեսզի հետո կարողանան սեփականազրկել. այսպիսի ծանր իրավիճակում ենք հայտնվել։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում