Ամեն օր լսում ենք ճանապարհատրանսպորտային վթարների և զոհերի մասին:
Պատճառը՝ Հայաստանի ճանապարհների և փողոցների քանդուքարափ վիճակն է, մեքենաների ոչ սարքին լինելը, վարորդների անպատասխանատվությունը և այլն:
Փոխանակ այս ամեն ինչը կարգի բերելու. ամեն մեքենայի դիմային հայելուն խաչ է կախված ապակիներին սրբապատկերներ: Հայաստանի ճանապարհների տարբեր հատվածներում հսկայական խաչեր են տեղակայված և վարորդները դրանց կամ եկեղեցիների մոտով անցնելիս, ղեկը բաց են թողնում ու խաչակնքում…
Ամեն տարի լսում ենք կարկտահարությունից, կամ երաշտից տուժած այգիների, ցանքատարածությունների մասին:
Պատճառը՝ հակակարկտային ցանցերի, ջրանցքների, ոռոգման կաթիլային համակարգերի բացակայությունն է և այլն:
Փոխանակ այս ամենը կարգի բերելու, ՀՀ գյուղնախարարը կղերականների հետ գարնանը օրհնում են հողն ու օդը, աղոթելով բարձր բերք:
Հայաստանի համարյա բոլոր բնակավայրերը կիսավեր վիճակում են, հաճախ չեն գործում մանկապարտեզները, դպրոցները, մշակույթի տները, բայց ամեն տեղ վեր են խոյանում նորակառույց եկեղեցիներ:
Միջնակարգ դպրոցը աշակերտներին չի տալիս ժամանակակից կրթություն, ազատ մտածողություն, քննադատական միտք, փոխարենը պարտադիր անցնում են քրիստոնեական դաստիարակություն, կրոնական դոգմաներ, աղոթել և աշխարհի ծագման կղերական թեզերը: Էլ ինչ գիտություն, ինչ առաջընթաց:
ՀՀ զինված ուժերը համալրված են 80-ականների զենքերով, շարունակվում են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառներով հանցագործությունները: Փոխանակ այս ամենը կարգի բերելու, նորակոչիկներին խմբերով տանում են մկրտության, զորամասերում կղերականները (որոնք ի դեպ ազատված են զինվորական ծառայությունից) հոգևոր դաստիարակություն են իրականացնում, դիրքեր գնալուց ստիպում զինվորներին խաչակնքել….
Հ. Գ. Փոխանակ Պետություն կառուցենք, փորձում ենք փրկվել Նոյան տապան կառուցելով:
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ