Հենց Երեւանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականացվում ներդրող չլինելու պատճառով, «փող չկա»՝ ասում են։ Այդ ներդրումային ծրագրերը զետեղված են քաղաքապետարանի պաշտոնական կայքում։ Հիմա նայենք դրանցից մի քանիսը։
Օրինակ, «Հեքիաթային քաղաք», որը, ըստ ծրագրի հեղինակների, պետք է տեղակայվի Երեւանյան լճի մոտակայքում։ Արժեքը՝ 28 միլիոն դոլար։ Սա, ի դեպ, նախատեսված է Երեւանի գլխավոր հատակագծով։ Այն պետք է զբաղեցնի 26 հեկտար տարածք։ «Հեքիաթային քաղաքում» պետք է լինեն տոնավաճառ ցուցադրությունների փողոց, հանգստի գոտի, զվարճանքների գոտի երեխաների համար, Ջրային աշխարհ, «Հեքիաթային ամրոցի» գոտի եւ այլն։ Ծրագիրը արդեն «թթվել է» քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, ու դրանով ոչ ոք չի հետաքրքրվում։
Մյուս «թթված» ծրագրերից է «Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոնը։ Ծրագրի արժեքը մոտ 40 միլիոն դոլար է։ Սա մի հսկայական շինություն է Նոյան տապանի նմանությամբ։ Ամբողջ տարածքը կլինի 7 հեկտար։ Որտեղ է այն տեղակայվելու, նշված չէ։
Էլի մի ներդրումային ծրագիր։ Հրազդանի կիրճում հյուրանոց, մոտ 6 միլիոն դոլար արժողությամբ։ Հրազդանի կիրճի մեկ այլ հատվածի հարեւանությամբ մոտ 114 հեկտար տարածքի վրա մի հսկայական թաղամաս կառուցելու ներդրումային ծրագիր էլ կա։ Արժեքը նշված չէ, բայց այդտեղ լինելու են ամբողջական թաղամասեր, որոնք նախատեսված են դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների գրասենյակների համար, լինելու են նաեւ բնակելի թաղամաս, հանգստի գոտի եւ այլն։ Սրանք էլ «թթված» ծրագրեր են։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում