ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Թեւան Պողոսյանը չի ընդունում այն փաստարկները, որ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը քիչ էր, քանի որ այլ կուսակցություններ չէին մասնակցում դրանց: «Ավելի լավ: Ցանկացած քաղաքական կուսակցություն պիտի օգտվեր դրանից եւ այդ ընտրազանգվածին ներգրավեր իր կողմը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց նա`հավելելով, որ սա պարտություն էր նախ ՀՀԿ-ի համար. եթե «Ելք»-ի պարագայում ձայները շատացել են, բայց ՀՀԿ-ի ձայները թեպետ շատ էր մնացած երկուսից, բայց նախորդ ընտրությունների համեմատ քիչ էին: Թեւան Պողոսյանը «Երկիր ծիրանիին» մաղթում է ամրապնդում, իսկ «Ելք»-ը կարծում է, որ ամրապնդվեց: Բայց, ըստ նրա, «Ելք»-ն այս ընտրություններից կարեւոր դաս պիտի քաղի`իրենց ընտրեցին, որ իշխողին չէի՞ն ուզում, թե՞ հենց իրենց են ընտրել:
Առհասարակ, կարծում է, որ մեզ մոտ ընտրություններում անձերի են ընտրում, «քաղաքական դիսկուրսը սպանել» ենք: ՀՀԿ-ի այն փաստարկներին, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, հակադարձում է. «Բա ի՞նչ էինք անում, մենեջե՞ր էինք ընտրում: Ասում ենք՝ Երեւանն ունի պառլամենտ, ուրեմն`քաղաքական են: Եթե անվտանգության եւ քաղպաշտպանության հարցերը քննարկենք, ապա վերելակներն էլ անվտանգ կդառնան եւ այլն»: Բանախոսը կարծում է նաեւ`մենք պետք է քաղաքացի դաստիարակենք, որ լսելի լինի այս ուղերձը:
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նույնպես ուրախ է «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանիի» արձանագրած հաջողությունների համար, նրանց հաջողություն է մաղթում, համամիտ է`ավագանու կազմում կա որակական փոփոխություն, բայց իբրեւ ավագանու նախկին անդամ՝ ասում է. «Որքան էլ ՀՀ-ն քիչ ընտրող բերեց, բայց տեղերի առումով այնպիսի արդյունք է ապահովել, որ որեւէ որոշում ընդունելու առումով կախված չի լինելու ոչ «Ելք»-ից, ոչ «Երկիր ծիրանի»-ից»:
Իբրեւ գործող ավագանու անդամ, ասում է՝ ինքն էլ իշխանության բազմաթիվ առաջարկների «կողմ» է քվեարկել: Դրանք վերաբերել են որոշակի սոցիալական խավերին բնակարաններ տրամադրելուն, տարբեր լավ գործիչների համար ցուցանակ, հուշարձան տեղադրելուն եւ այլն: «Այլընտրանք բերելու համար ընդդիմությանը ձայների մեծամասնություն է պետք»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:
Նա համամիտ է`ցավալիորեն, ընտրություններն այլեւս քաղաքական չեն եւ վերին աստիճանի անձնավորված են: Ընդդիմության պարագայում էլ, վստահ է, որ մարդիկ ծրագրերին չեն քվեարկել, անձերին են քվեարկել: Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցությունը քիչ էր, քանի որ իր համոզմամբ, սրանք հիասթափության ընտրություններ էին: «Ընդդիմությունը տապալեց այս թեսթը: Չի կարելի հինգ տարի ոչինչ չանել, գալ նոյեմբեր-դեկտեմբերին սկսել իրար հետ կռիվ տալ, իրար դեմ պայքարել»,- իրավիճակը վերլուծում է քաղաքագետը`ընդհանուր առմամբ, պատկերը ուրվագծելով`ՀՀԿ-ն հավերժ կիշխի, մյուս ընտրություններին հավանաբար այլ ընդդիմադիր ուժեր կլինեն, քանի որ համակարգային փոփոխություններ չեն լինում:
Ստեփան Սաֆարյանի մոտ դեժավյու է, քանի որ նույն խախտումները տարիների ընտրություններում շարունակ տեսնում ենք: Մի բան փոխվել է`գազելով չեն բերում, մեքենաներով են բերում, ընտրակաշառքն էլ ննջասենյակներում եւ բաղնիքներում են բաժանում:
Նա մեղադրում է քաղաքական գործիչներին նաեւ, որ իրենք ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ չեն կայացնում`ամեն ինչ բարդելով համակարգի վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ