Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոստանջյանի դուստրը պատմել է, որ ոստիկաններն իրեն քաշ տալուց գլուխը մեքենայի դռանն են խփել, ստացել է ուղեղի ցնցում (Տեսանյութ)

Մայիս 16,2017 12:24

«Ես Լիլիթին տեսել եմ շտաբ գալուց 5 րոպե հետո: Գունատ էր, գլխապտույտ ուներ, սրտխառնոց ուներ: 5 րոպեի ընթացքում վիճակի վատացում նկատեցի՝ որպես բժիշկ: Զննեցի մասնագիտորեն: Լիլիթի մոտ սկսվեցին փսխումներ, ինչն ակնհայտորեն խոսում էր գանգուղեղային վնասվածքի մասին: Սակայն, որպեսզի լինի անկողմնակալ գնահատական, մենք հրավիրեցինք շտապ բուժօգնություն, որի բժիշկը նույնպես ախտորոշեց գլխուղեղի ցնցում եւ տեղափոխեցինք Լիլիթին «Արմենիա» բժշկական կենտրոն»,- այսպես Aravot.am-ի հետ զրույցում բժիշկ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանի 21-ամյա դստեր՝ Լիլիթի վիճակը՝ Տարոն Մարգարյանի շտաբում ոստիկանների հետ միջադեպից հետո:

Մարինա Խաչատրյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից առաջադրվել էր՝ որպես ավագանու թեկնածու, ուստի այդ պահին գտնվել է շտաբում:

Նա ասաց, որ հիվանդանոցում գլխուղեղի ցնցում ախտորոշումը հաստատվել է, բացի այդ, վերին վերջույթների, ուսագոտու շրջանում եղել են բազմաթիվ քերծվածքներ, կապտուկներ, որոնք ոստիկանական ուժերի գործողությունների արդյունք են: Լիլիթը նշում էր, որ ունեցել է գիտակցության կարճատեւ կորուստ, սակայն հիշում էր դրվագներ, երբ նրան քաշ տալուց գլուխը հարվածել էին մեքենայի դռանը, նաեւ պատին են հարվածել՝ սենյակից դուրս հանելուց: Մենք հույս ունենք, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի Լիլիթի մոտ որեւէ բարդություն չզարգանա եւ տեղի ունենա առողջացում: Սակայն սա առաջին դեպքը չէ ոստիկանության ապօրինի գործողությունների»:

Ըստ Մարինա Խաչատրյանի, Երեւանի ավագանու ընտրություններին ոչ թե 3 քաղաքական ուժ է մասնակցել, այլեւ 4՝ նաեւ ոստիկանությունը, ինչն անթույլատրելի է:

Քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հայտնեցին, որ մինչ այս պահը ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել: Լիլիթը դեռ անկողնային ռեժիմում է, բժիշկները թույլ չեն տալիս անգամ քայլել հիվանդասենյակում, ասել են՝ հետագա բարդություններից խուսափելու համար գլուխը պետք է մի դիրքում լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մայրը զինք գործածեց որպէս «մարդկային վահան»

    նոյնանման անձիք ճիշդ նոյն բանը ըրին, Բերձորը միջադէպի ժամանակ,
    մեքենաները լեցուցած էին երեխաներով,
    որպէսզի անոնց ետեւը պահուըտին

    յուսանք որ այդքան ալ լուրջ չէ երեխային առողջական վիճակը… թէեւ կայ այստեղ նաեւ հոգեկան վնասի հարց, որու առաջին պատասխանատուն նոյնպէս իր մայրն է. ուզում էր խնդիր արծարծել, պէտք է նախատեսէր կարելի հետեւանքները, երեխան չպիտի հետը տանէր, մասնակից դարձնէր բախումին.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031