Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ապրիլի 28-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել մինչեւ մրցույթով «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնը զբաղեցնելը Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Գարունիկ Ղուշչյանին:
Մեր տեղեկություններով՝ Արթուր Գաբրիելյանի աշխատանքից դժգոհություններ չկային, նա տնօրենի պարտականությունները բարեխիղճ էր կատարում: Նա նաեւ Նոյեմբերյանի ԲԿ-ում վիրահատություններ էր կատարում, ինչից ֆինանսապես շահում էր բժշկական կենտրոնը: Ա. Գաբրիելյանի ընտանիքը բնակվում է Երեւանում, իսկը ինքը 3 տարի ապրում, աշխատում էր հեռավոր, սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ հաճախակի տեղաշարժը նրա համար հեշտ չէր:
Ա. Գաբրիելյանը հրաժարականի դիմում ներկայացնելիս ասել է, որ իր համար Երեւանում համապատասխան աշխատանք է գտել: Նոյեմբերյանը սահմանամերձ է: Այդ առումով կարեւոր է Նոյեմբերյանի ԲԿ-ի բնականոն աշխատանքը, առողջապահական հիմնարկի հմուտ ղեկավարումը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք, թե ե՞րբ է նշանակվելու Նոյեմբերյանի ԲԿ-ի նոր տնօրեն: Մարզպետն ասաց, որ ինքը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ ԲԿ-ի խնդիրները: Նա նշեց , որ առայժմ այդ ԲԿ-ում վիրահատությունները կկատարեն այլ ԲԿ-ներից հրավիրված վիրաբույժները:
Հ. Աբովյանը հայտնեց, որ առաջիկայում Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն կնշանակվի այնպիսի անձնավորություն, որը հմուտ կերպով կղեկավարի բուժհիմնարկը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ