Երեւանի ընտրությունների շուրջ զրուցեցինք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։
– Ընդդիմադիր 2 ուժերը ոչ միայն միմյանց չսատարեցին, անգամ իրար դեմ էին, կարո՞ղ էին այլ արդյունք գրանցել, եթե միասնական գործեին։
– Հայաստանում սովորաբար նման պրոցեսները շատ հազվադեպ են տեղի ունենում, որ ընդդիմադիր ուժերը միասնական գործեն։ Այս անգամ էլ այդպես չեղավ, քանի որ երկու քաղաքական ուժերը տարբեր խնդիրներ ունեին։
Մեկը խնդիր ուներ իր համեմատական հաջողությունն ամրապնդել եւ այն ֆիքսել մայրաքաղաքի մակարդակով։ Մյուս ուժը նոր պրոյեկտ է, եւ իր քայլերն ավելի շատ շնորհանդեսային են։ Ավելի լավ առիթ, քան այս ընտրություններն էին, չէր կարող լինել նախագծի բրենդը ճանաչելի դարձնելու համար, եւ այդ 8 տոկոսը բավականին սոլիդ արդյունք է։
Եթե միանային, գուցեեւ տեսականորեն չմասնակցած հատվածն ակտիվանար, եւ նրանք միասին շատ ավելի լավ արդյունք գրանցեին։ Բայց սա արդեն «եթե»-ներից է, չեղավ ու չէր էլ կարող լինել, քանի որ տարբեր խնդիրներ էին իրենց առաջ դրել։
– Իշխանությունն իր ձեռագիրը չի փոխում, տեսանք, որ կրկին ցուցակագրումներ էին կատարում, ընտրակաշառք բաժանում։
– Կասեմ, որ սովորական հայկական ստանդարտներով ընտրություն էր։ Ինչպիսի իշխանություն էլ լինի, նույնը կանի, մենք շատ տարբեր իշխանություններ ենք ունեցել, եւ բոլորն են օգտագործել վարչական ռեսուրսը։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դեպքերին, եթե հաստատված փաստեր կան, ապա ստացվում է, որ կա հասարակության մի ստվար զանգված, որը հանցավոր գործարքի է գնում, եւ նման գործողությունների դեպքում երկու կողմերն էլ հավասար մեղավոր են։
Մենք ունենք հասարակության դեգրադացված մի շերտ, որն ընտրություններին վերաբերվում է ինչպես փոքրիկ բիզնեսի եւ կարող է կես օրվա փող վաստակել։ Ոչինչ չէր կարող մեկ-երկու ամսվա ընթացքում փոխվել։ Ընտրության օրը Փոստանջյանը հետաքրքիր տեխնոլոգիա կիրառեց, նա մտավ շտաբներ՝ լավ իմանալով, թե ինչ ռեակցիա է լինելու, եւ տանտերերը կողմ չեն լինի այդ ընդունելությանը, եւ ոստիկաններն իրենց կպահեն հայավարի։ Կարող ենք արձանագրել, որ այդ միջադեպերից հետո եւս Զարուհի Փոստանջյանը քվեների ինչ-որ տոկոս վաստակեց։
Լիլիթ ՇԱԲՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում