Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունը միշտ էլ ազատ է

Մայիս 16,2017 10:11

Ամենակարեւոր հարցը, որն առաջանում է խորհրդարանական եւ երեւանյան ընտրություններից հետո, հետեւյալն է. արդյոք մարդիկ իրենց հոժար կամքով գնում եւ ընտրում են ՀՀԿ-ի՞ն: Նայած, թե ինչն ենք մենք «հոժար կամք» անվանում: Մարդուն կանգնեցնում են ընտրության առաջ՝ վերցնե՞լ 10 հազար դրամը, թե՞ չվերցնել: Եթե նա չվերցնի, նրան կգնդակահարե՞ն, բա՞նտ կնետեն: Ըստ ամենայնի՝ ոչ: Պարզապես չվերցնելով՝ նա չի կարողանա հոգալ իր կես օրվա, մեկ օրվա կամ, ենթադրենք, մի քանի օրվա հոգսերը: Եթե մարդը կանգնած է ահա այսպիսի ընտրության առաջ, արդյո՞ք նրա ընտրությունն ազատ է: Իհարկե: Արդյո՞ք 10 հազար դրամից հրաժարվելը նրանից հերոսական ջանքեր է պահանջում: Հաստատապես՝ ոչ:

Բայց նույնիսկ եթե մարդուն սպառնում է բանտ կամ գնդակահարություն, նա, միեւնույն է, ազատ ընտրություն է կատարում: Ոչ ոք նրան չի կշտամբի, եթե նա ընտրել է կյանքն ու չազատազրկվելը, պարզապես արձանագրենք՝ նա նույնպես ընտրելու հնարավորություն ուներ: 1930-ական թվականներին ստալինյան եւ հիտլերյան ճամբարներում մարդիկ շարունակում էին ստեղծագործել, իրար ձեռք մեկնել, սիրահարվել՝ այդ մարդիկ ընտրություն էին կատարել, շատ ավելի ծանր ընտրություն, քան 10 հազար դրամ վերցնել-չվերցնելը: Բայց այն մարդիկ, որոնք «ժողովրդի թշնամիներին» գնդակահարում էին կամ տանում էին գազային խցիկներ, նույնպես ընտրություն էին կատարել:

Ուզում եմ ասել՝ կյանքը միշտ ընտրություն է, իսկ ոչ տոտալիտար համակարգերում այդ ընտրությունն այդքան էլ դրամատիկ եւ ճակատագրական չէ, բայց էլի որոշակի ջանքեր է պահանջում: Ես այնքան էլ համաձայն չեմ, որ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ մարդիկ կհրաժարվեն ընտրակաշառք վերցնելուց: Ի՞նչ է, հիմա, 2017 թվականին, 10 կամ 20 հազար դրամ էին վերցնում միայն չքավորնե՞րը, ելք չունեցողնե՞րը: Ոչ, ես հակված եմ մտածելու, որ վերցրել են նաեւ միանգամայն կուշտ եւ սոցիալական շատ լուրջ խնդիրներ չունեցող մարդիկ: Վերցնում էին ոչ այն պատճառով, որ հակառակ դեպքում սովից կմահանային, այլ որովհետեւ դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում՝ այդպիսին է վերջին 25 տարում ձեւավորված մշակույթը:

Ես դա անվանում եմ «խեղճության մշակույթ»: Մեզանում սիրում են ամեն պատեհ կամ անպատեհ առիթով բացականչել՝ «վայ, խեղճ ժողովուրդ», «ողբամ զքեզ, Երկիր հայոց» եւ այլն: Զոհի կերպարը ենթադրում է պատասխանատվության լիակատար բացակայություն: Պատասխանատվության բացակայությունից բխում է անտարբերությունը պետության հանդեպ: Իսկ եթե այդպես է, վերցնեմ այդ մի քանի կոպեկը, մեկ է՝ ինձնից ոչ մի բան կախված չէ: Սա էլ է ընտրություն: Դիրքորոշման, արժեքների ընտրություն է: Եվ, ինչպես ցանկացած այլ դեպքում, այդ ընտրությունն ազատ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Էլի խնդիրը տեղաբնիկ քոչվոր քաղաքակրթությունների հարաբերության տրամաբանության մեջ է, եթե մարդուն տան ինչ որ գումար ու ասեն թե այդ գումարի դիմաց քո բոստանում աղբ պիտի թափենք, տեղաբնիկը չի համաձայնվի, իսկ եթե նույն մարդուն նույն գումարի դիմաց ասեն թե այլ երկրում, նույնիսկ թշնամի երկրում, ուրիշի բոստանում պետք է այդ աղբը թափեն, այ այստեղ է որ մեր տեղաբնիկը այլասերվում ու քոչվոր է դառնում, էն որ ասում են քաղքենի կամ գեղցի հենց այս այլասերված երեւույթներն են, իսկ ով թույլ չի տալիս աղտոտել ոչ իր բոստանը, ոչ էլ նույնիսկ թշնամու բոստանը, սա իսկական տեղաբնիկի հոգեբանություն է: Դրա համար քաղքենիներից պետք է պաշտպանել գյուղն ու գյուղացուն եւ, համապատասխանաբար, քաղաքն ազատել գեղցիներից: Էդ հինգերորդ շարասյունները հենց այդ այլասերվածներից են համալրվում, որոնք դրսի թշնամի ուժերի համար գտած գանձ են, հենց այդ դրսի թշնամիներն են պայմաններ ստեղծում, որ գյուղացին թողնի իր գյուղն ու գա քաղաք՝ ձեռներեց քաղքենիները պարտքի տակ գցելով ու խոչընդոտներ ստեղծելով գյուղացու առջեւ իր բերքն իրացնելու գործում: Կարճ ասած, ամենաճնշվածը գյուղացին է, փրկելով գյուղն ու գյուղացուն՝ դրանով երկիրը կփրկենք:

  2. joradzadza says:

    Ժամանակին կարելի էր տեսնել նման պաստառ բոլոր սովետական բնակավայրերում,` “Սովետական ընտրությունները ամենադեմոկրատականն են աշխարհում”: Նույն բանն եք պնդու՞մ:

  3. Հ.Շ. says:

    Օգտակար կը լինի հիմնական հարցականը բանաձեւել հակառակ տեսանկիւնից՝ քուէարկողը ո՞ր աստիճան համակրանքի եւ վստահութեան պակաս ունի ուրեմն ընդդիմադիրների նկատմամբ, որ 10 000 դրամով արդէն իր քուէն տալիս է հաստատուած վարչակարգին, որքան որ ալ անկէ դժգոհ լինի:

    Իսկ ամէն դէպքում, որեւէ ժողովրդավարական երկրում, մասսայական մեծամասնութեամբ, քուէարկողը իր քուէն տալիս է անձնական շահագրգռութեամբ, անհատական, գետնաքարշ հաշիւներով: Ընտրապայքարն ալ տեղի կ’ունենայ այդ հիման վրայ: Հայաստանի պարագային, մի քիչ աւելի ուղիղ ու կոպիտ, տակաւին աւելի երեւելի կերպով է գործադրւում այդ ամէնը:

    Որեւէ երկրում, քաղաքացիների մի ջնջին համեմատութիւն միայն կարող է թերեւս որ քուէ տայ, զուտ գաղափարական կամ բարոյական բարձր նկատառումներով… Որովհետեւ այդ տեսակի անձիքը արդէն կը նախընտրեն բնաւ չմասնակցիլ քաղաքական ընտրութիւնների: Ոչ որպէս թեկնածու, ոչ ել որպէս քուէատու:

  4. henri says:

    Շատ կը ներէք պ,Աբրահամեան, փիլիսոփայա-ընկերային զուտ օդային խոորհրդածութիւններ ընելու փոխարէն կը սպասէի որ երկու խօսք ըսէիք Տիկ,Զարուհի Փոստանջեանին և իր աղջկան վրայ գործադրուած բռնութեան մասին որուն նկարները դիտելով ամբողջ սփիւռքը ցնցուած է-Դուք յարգուած և անոխակալ լրագրող էք -այս պահին ձեր կարծիքը գուցէ կարենար բան մը փոխել , մինչեւ ուր՛ պիտի հասնի ոստիկաններուն վայրագութիւնը- անոնց տեղը կենդանաբանական այգին է,գազանները զսպելու և ոչ մայրաքաղաքի հրապարակները,վստահ եմ հիւսիսային գորէայի ոստւկանները նուազ վայրագ կը գտնուին իրենց կիներուն հանդէպ …

    • Հ.Շ. says:

      «ամբողջ սփիւռքը ցնցուած է» !!!

      ո՞րմէկ սփիւռքն է եղեր ատիկա, ակաս ?!!

      երեւի այդ մէկն ալ Համացանցի վրայի սփիւռքը

      այն Սփիւռքը որ ես գիտեմ,
      բնաւ ալ ցնցուած չէ,
      այլ՝ ժպիտով կը հետեւի այդ Տիկնոջ հնարամիտ դերասանութիւններուն

      կարգին սինեմա

      իսկական հարցում ՝ դուն վերջին անգամ ե՞րբ այցելած ես Հայաստանը, Հէնրի

      իսկ եթէ շուրջդ իսկապէս մի քանի հատ «ցնցուած» անձեր կան,
      անոնք անձեր են որոնք յաճախ կ’այցելե՞ն Հայստանը…

  5. henri says:

    Իմաստակութիւններուատենը չէ յարգելի բարեկամս -աւելցնեմ ուրեմն ԲԱՑԻ ոմն Հ.Շ. էն

    • Հ.Շ. says:

      ուղղակի եւ լայնատարած, իրական (այսինքն՝ ոչ բացառապէս Համացանցային) եւ մնայուն կապեր ունիմ՝ Գանատայի, ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Լիբանանի եւ Սուրիոյ բազմաթիւ հայ գաղթօճախներու հետ (խօսքը 1915-էն ետք Արեւմտեան Հայաստանէն բռնի գաղթականութեան մասին է, ոչ թէ «Լօս»-ի հայաստանատեաց «հայաստանցի»ներուն)

      յիշեալ սփիւռքեան բոլոր շրջանակներուն մէջ, մէկ հոգիէ իսկ չլսեցի թէ «ցնցուած» է Տիկին Փոստանջյանի նորագոյն թատերգութենէն

      սփիւռքեան մամուլի որեւէ լուրջ հիմնարկութիւն այդպիսի բան չարտայայտեց

      5 կամ 10 անձերէ աւելի անդամ ունեցող որեւէ իսկական Միութիւն այդ մասին որեւէ յայտարարութիւն չկատարեց

      անշուշտ ինք, Տիկինը, կարծում է թէ համայն աշխարհի կեդրոնն է, եւ թէ յատկապէս հայոց աշխարհի տարածքին ամէն հայ, իրմով հմայուած եւ զմայլած, մե՜ծ յուզումով հետեւում է իր ամէն մէկ քայլին, ամէն մէկ խօսքին, իր գոռում-գոչումին, տեւական պոռթկոմներուն, անսպառ վլվլուկին

      բայց չպատասխանեցիր, Հանրի…
      Հայաստան այցելա՞ծ ես…

      իսկ հիւսիսային գորէա՞…

  6. henri says:

    Կը շնորհաւորեմ քու բազմաճիւղ կապերդ և ուրախ եմ որ քու; բարեկամներդ անտաբբեր են եղած անվայել վայրագութիւններուն.
    Ես ամէն տարի /65 տարի է/ կ,այցելեմ Հայաստան,անդամ եմ նկրիչներու-գրողներու միութիւններուն ,կազմակերպած եմ միջ-պետական մի քանի կարեւոր ցուցահանդէսներ,ներմուծած եմ իտալացի գործարարներ/յատկապէս գինիի մարզին մէջ/ հարիւրներով ֆրանսացի զբօսաշրջիկներ,պատիւ չեմ զգար այլ պարտականութիւնս կը կատարեմ հանդէպ հայրենիքիս և ամէն անգամ հասարակաց բեմերէն/ռատիօ-հեռատեսիլ և 42 հատոր հրատարակութիւններով յայտարարածն եմ իմ բացասական գնահատանքս մեր ոստիկաններու վերաբերմունքին համար,դուն այն բցառիկ անձը կը թուիս որ շատ գոհ ես այս երեւոյթներէն, ատ ալ — հաայրենասիրութեան– ձեւ մըն է կը տեսնուի- բարի շարունակութիւն ,,,

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031